Ինչպես մետրոյի համար գումար հայթայթել (տեսանյութ)
Մետրոպոլիտենի նոր կայարանների կառուցման համար տնտեսագետ, հրապարակախոս Սուրեն Սարգսյանն առաջարկվում է ստեղծել «Երևանի մետրոպոլիտեն» անվամբ հիմնադրամ: Գումարներն էլ գիտի որտեղից գտնել: Նա առաջարկում է վարորդների կողմից մուծվող տուգանքների մի մասը ուղղել այդ ծրագրի իրականացմանը: Սուրեն Սարգսյանը կարծում է, որ պետությունը եւս պետք է մասնակցություն ունենա ֆինանսավորմանը: Բանախոսն առաջարկում է Աջափնյակի դեռևս չգործարկված երկու կայարանները Շառլ Ազնավուրի և Քըրք Քըրքորյանի անուններով անվանակոչել, ինչը եւս կնպաստի սփյուռքից ներդրումներ կատարելուն: Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ, պրոֆեսոր Գուրգեն Մուշեղյանն էլ հիշեցրեց, որ ի սկզբանե որոշված է եղել՝ Երևանը պետք է ունենա 47 կմ երկարությամբ եւ 36 կայարանից բաղկացած մետրոպոլիտեն, մինչդեռ այսօր շահագործման է հանձնվել ընդամենը 12 կմ երկարություն եւ 10 կայարան ունեցող ստորգետնյա տրանսպորտ: Ըստ Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետի՝ մետրոյի մեկ կայարանն իր բոլոր օժանդակ հարմարություններով կարժենա 150 միլիոն եվրո, իսկ կիսատ կայարանների շինարարությունն ավարտին հասցնելու համար այժմ կբավականացնի անգամ 50 միլիոն եվրոն, քանի որ կիսակառույց կայարաններում շինարարական աշխատանքների մեծ մասն արդեն իսկ ավարտված է: Այսօրվա բանախոսները նաեւ նշեցին, որ մետրոյի զարգացումը ձեռնտու չէ նաեւ գծատերերին, քանի որ մեծ եկամուտներ են ստանում: