ԱԱԾ պետի տեղակալը չպատասխանեց Նիկոլ Փաշինյանի հարցին (տեսանյութ)
ԱԺ մշտական հանձնաժողովներում 2016թ. պետական բյուջեի կատարողականի քննարկմանը ՀՀ փոխոստիկանապետ Անուբախ Համբարյանին Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը մի քանի հարց ուներ, որոնցից մեկը վերաբերում էր բնակարանային գողություններին, որոնց թիվն անցած տարի կազմել է 1258 դեպք, որից 67 տոկոսը չի բացահայտվել. «Արդյունքում, սա չի՞ նշանակում, որ ոստիկանության գործողությունների արդյունքում շահավետ ու անվտանգ գործ է դարձել բնակարանային գողությունը։ Մյուս հարցս վերաբերում է հունիսի 28-ին տեղի ունեցած միջադեպին, երբ Ավան, Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նկուղում դաժան ծեծի են ենթարկվել Արայիկ Խանդոյանը, Արեգ Կյուրեղյանը։ Նրանք առանց մարմնական վնասվածքների դուրս են եկել ՔԿՀ-ից, գնացել դատարան, հետ են վերադարձել` վնասվածքներով։ Սա 21-րդ դարն է, եւ արդեն պետք է պարզ լիներ` ինչո՞ւ են նրանք վնասվածք ստացել, քանի որ այդ պահին ներկա է եղել ոստիկանության 15 աշխատակից, եւ տեղեկություն կա, որ հենց նրանք են ծեծել։ Եթե չի եղել նման բան, ապա որտեղի՞ց նրանց մարմնական վնասվածքներ։ Ի վերջո, կարո՞ղ եք ասել` միջադեպ եղե՞լ է, թե ոչ, քանի որ ոստիկանների ուղեկցությամբ են նրանք գնացել ՔԿՀ»: Պատգամավորի մյուս հարցը վերաբերում էր ավտոճանապարհային տեսալուսաձայնագրման սարքերի միջոցով վարորդների ստացած տուգանքներին. «Կայացվել է 1 մլրդ դրամի որոշում եւ 10 մլրդ 18 մլն դրամի տուգանք՝ վարորդների նկատմամբ»։ Անուբախ Համբարյանը վստահեցրեց, որ տնային գողությունների փաստերը քչացել են. «Ինչ վերաբերում է հունիսի 28-ի միջադեպին, ապա դատաբժիշկական քննությունը կարող է տալ պատասխան մարմնական վնասվածքների պահով։ Այժմ ընթանում է ծառայողական քննություն։ Եթե պարզվեն մեղավորները, ապա նրանք կպատժվեն։ Պատասխանը բավարարո՞ւմ է»: «Ոչ»,- արձագանքեց Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով. «Էդ տրամաբանությամբ, որ գնաք, «02» հաղորդաշարն ընդհանրապես կարող եք փակել` նույնատիպ պատասխաններ եք տալիս»: Վարորդների տուգանքների մասին և փորձեց մեկնաբանել քննարկմանը ներկա Ոստիկանության ֆինանսաբյուջետային վարչության պետ Արա Ալիկյանը` ներկայացնելով թվեր։ 2016թ. իրենց բյուջեի կատարողականը ներկայացրեց ԱԱԾ պետի տեղակալ Արամ Հակոբյանը։ Նիկոլ Փաշինյանը նրան եւս հարց ուներ. «Անցած տարի Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունից հետո տեղի ունեցան ՊՊԾ գնդի իրադարձությունները։ Այն, ինչ տեղի է ունեցել, ԱԱԾ ում ծառայողական քննություն իրականցվե՞լ է, փաստերի համադրումը ինչ-որ արդյունքների հանգեցրել է»: «Եթե անգամ կատարվել է, դա գաղտնիք է ու մեր պահուստներում է արդեն։ Նման լսարանում ես իրավունք չունեմ պատասխանելու այդ հարցին»,- հայտարարեց ԱԱԾ պետի տեղակալը։ «Ես ձեր պատասխանը հասկացա»,-արձագանքեց Նիկոլ Փաշինյանը։