Բնակիչները կասեցրել են շենքի կառուցումը. ակցիա (տեսանյութ)
Երևանի կենտրոնում նորակառույց է բարձրանում։ Տերյան 3 և Տերյան 1 շենքերի բնակիչները դեմ են իրենց բակում հերթական շինության հայտնվելուն։ Տերյան 3 շենքի բնակիչ Վարդան Գաբրիելյանն ասում է. «Մարդիկ եկել են, ուզում են շինարարություն անեն, մենք էլ փակել ենք, թույլ չենք տալիս։ Ոչ մի փաստաթուղթ չկա, ինչ փաստաթուղթ, որ ցույց են տալիս խաբկանք ա, շինարարություն անելու իրավունք չկա, շինարարության նախագիծ չկա»։ Այստեղ էր գտնվում անցած դարի 30-ականներին կառուցված «Տերյան» ձայնագրման ստուդիան։ Շենքը գնել է «ԱԿՎԱ-ԼԵՆ ՇԻՆ» ՍՊԸ-ն, 6 ամիս առաջ այն քանդել, սկսելով բակում նոր շենքի կառուցումը։ Կազմակերպության ղեկավար Գեղամ Խաչատրյանն ասում է. «Ես գնել եմ, թույլտվություն ունեմ, քանդման, շինթույլտվություն քաղաապետարանից»։ Բնակիչներից մեկը հակադարձում է. «Հիմա քաղաքապետարանին ասեք, որ ձեզ թույլ չեն տալիս շարունակեք օրենքով ձեզ պատկանող հատվածում աշխատանքները»։ Ըստ բնակիչների՝ շինարարությունը պետք է դադարեցվի, քանի որ հարեւանությամբ կան 17 և 7 հարկանի շենքեր։ Չի պահպանվում շենքերի միջև անհրաժեշտ տարածությունը։ Բացի այդ բնակիչներին քաղաքապետարանից ասել են, որ հատակագծով Տերյան 3 և Տերյան 1 շենքերի բակում կանաչ այգի է նախատեսված կառուցել։ Բնակիչներից Լուսինե Ազարյանն ասում է. «Ես հասկանում եմ, որ Կենտրոնում ամեն մետրը գումար արժի կենտրոնում, բայց ի վերջո էստեղ բոլորն ընտանիքներով ապրում են և մեզ էլ է անհրաժեշտ թե ծառը, թե թթվածինը, թե մեր երեխաներին խաղահրապարակ»։ Վարդան Գաբրիելյանը առաջարկ արեց սեփականատիրոջը. «Ինչ գնով որ առել եք բերեք գինը ներկայացրեք, մենք ձեր գումարը կտանք, դուք գնացեք ուրիշ տեղ մի բան առեք, ձեր շինարարությունը արեք։ Մենք չենք թողնելու ստեղ շինարարություն անեք։ Շինարարությունը ոչ միայն ապօրինի է, այլ նաև վտանգում է շրջակա շենքերի բնակիչների առողջությունը։ «Մեր բնակարաններն ամբողջությամբ փոշու մեջ կորած է, ոչ կարողանում ենք շնչել, ոչ մարդավարի ապրել։ Մեր ապրելու իրավունքը բռնաբարում են։ Ժամը 5-ից հետո սկսում ա քամիները մի ահավոր վիճակ ա, երևի Սահարայի անապատում սենց փոշի գոյություն ունի»։ Բնակիչները վրդովված են նաև այն փաստից, որ անտեսվել է շենքի պատմական նշանակությունը՝ այն հավասարվելով հողին։ Տարածքի նոր սեփականատեր Գեղամ Խաչատրյանը այլ կարծիք ունի.«Թողնենք սենց կեղտոտ մնա՞, սաղ կռիսանոց էր, սաղ քանդեցինք կռիսանոց էր»։ Բնակիչների հետ բանակցությունների արդյունքում՝ կառուցապատող Գեղամ Խաչատրյանը որոշեց ընդունել բնակիչների առաջարկները, բայց չհրաժարվեց շինության մտքից։ «Մենք չենք հրաժարվում, մենք իրենց ասածով ինչ ասեն դա կանենք, իրենք թող ասեն մենք պատրաստ ենք»։ Եղավ այսպիսի պատասխան. «Ես ոչ մի բան չեմ առաջարկում, ինչ-որ պետք էր ասեցի»։ Բակում շինարարությունը կանխելու համար բնակիչները դատարան չեն դիմի՝ կանխատեսելով որոշումը։ Նրանք տեսնում են միայն շինարարների ուղին փակելու ճանապարհը։