Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Աղբահանությունն էր ծառացած, ջրամատակարարումն էր սրված...»,- ասմունքում է Կ. Արեյանը (տեսանյութ)

Հասարակություն
areyan-kamo

Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն անձամբ է երաշխավորում, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը գաղափար ունի իր իսկ աշխատանքից, բայց Ազգային Ժողովում բյուջեի կատարողականի քննարկումներից խուսափում է այլ պատճառով. «Պաշտոնապես հրավիրված է առաջին տեղակալը»,- ասում է Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը։ Լրագրողներին հետաքրքրում է նաեւ, թե ինչու՞ Կամո Արեյանը երբեւէ չի փոխարինվում այլ կադրով. «Ես նարցիս հիվանդությամբ չեմ տառապում, ինքնասիրահարված չեմ եւ անփոխարինելիության ախտով չեմ տառապում։ Միշտ մտածել եւ մտածում եմ, եւ աշխատում եմ, որ պիտի գա ինձնից կատարյալը ու նա պիտի գա հաստատ»: Իր աշխատանքը պարոն Արեյանը համարում է ստեղծագործական, նույնիսկ քաղաքի խնդիրների եւ դրանց լուծման մասին խոսում է ասմունքով. «Աղբահանությունն էր այդպես ծառացած, ի վերջո լուծվեց, ջրամատակարարումն էր շատ խիստ ու սրված, լուծվեց»: Տրանսպորտի վատ վիճակը մի քիչ այլ է, այստեղ պարոն Արեյանն ասմունքելու տրամադրություն չունի, բայց լուծումներ գտնելու վճռականություն կա. «Տրանսպորտը անհատական ստեղծագործություն չի, որ այս կամ այն մարդուն վստահեն»,- ասում է փոխքաղաքապետը: Լրագրողները հիշեցին, որ Արեյանը խոստացել էր տրանսպորտի վարչության պետից վերցնել ծառայողական մեքենան, որ նա մտնի հասարակական տրանսպորտ. «Ես ըտենց ղալլաթ չեմ խոստացել։ Կնստի, կիջնի, իր չինովնիկի իրավունքն է»: Ինքը՝ փոխքաղաքապետը առաջիկայում չի պատրաստվում նստել հասարակական տրանսպորտ, սակայն պատրաստ է մտնել դրանով երթեւեկող քաղաքացու դրության մեջ. «Իմ միտքը ստեղծագործաբար է աշխատում եւ աշխատելու է, չեմ դադարել ստեղծագործել»: Որքան էլ լրագրողները զավեշտի վերածեն մայրաքաղաքի տրանսպորտի խնդիրը մոտ երկու տասնամյակ լուծելու քաղաքապետարանի ջանքերը, Կամո Արեյանը տրամադրված է վճռականորեն: