Ամերիկահայերը նոր ֆիլմ են նկարահանում Արցախի մասին. Արցախպրես
Ամերիկահայ լրագրող Թալին Բաբայանը և կինոռեժիսոր Ստեփան Հավատյանն Արցախ են այցելել՝ ֆիլմ նկարահանելու նպատակով:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել Թալին Բաբայանն ասել է, որ ինքն առաջին անգամ Արցախ է եկել 2003 թվականին և նշել, որ Արցախից ստացած իր տպավորություններն անբացատրելի են:
«Ցանկանում ենք Արցախի մասին այնպիսի ֆիլմ նկարահանել, որ սփյուռքահայերն և օտարները տեսնեն ու հասկանան, որ Արցախը լոկ հակամարտության գոտի չէ, այլ երկիր, ուր մարդիկ ապրում են, զարգանում. ստեղծագործում, արարում: Արցախն օր օրի ավելի է գեղեցկանում, կառուցվել են նոր շինություններ, սրճարաններ, հանգստի վայրեր: Ստեփանն ու ես քայլել ենք Ստեփանակերտի, Մարտակերտի փողոցներով, շփվել մարդկանց հետ, եղել զինվորների մոտ: Մենք հիացած ենք. ինչքան ազնիվ, բարի ու խաղաղ մարդիկ են արցախցիները: Սա մի երկիր է, որտեղ մարդ կարող է լիարժեք ազատ ապրել և արտահայտվել, զբաղվել իր առօրյայով, արարել ու երազել: Կարծում եմ՝ մեր ֆիլմը , երբ ցուցադրվի, այն մեծ ազդեցություն է ունենալու Արցախ ճանաչման գործում. ավելանալու է Արցախով հետաքրքրվողների քանակը, շատանալու է նաև զբոսաշրջիկների թիվը: Համոզված ենք, որ ֆիլմը լայն տարածում ու ճանաչում է գտնելու, և մենք էլ դրանով մեր փոքրիկ ներդրումն ենք բերելու այդ գործին»,-մասնավորապես ասել է Թ. Բաբայանը և նշել, որ այցի ընթացքում իրենք եղել են նաև Շուշիում, Գանձասարում և Արցախի այլ պատմամշակութային վայրերում:
Թ. Բաբայանի խոսքով ինքը վերադառնում է Նյու Յորք՝ նորից Արցախ գալու նպատակով:
Ստեփան Հավատյանն էլ ասել է, որ ինքը պարզապես հիացած է Արցախով և արցախցիներով և բառեր չի գտնում իր զգացմունքներն ու տպավորություններն արտահայտելու համար:
«Այս երկրի մասին այնքան բան կա նկարելու, ասելու, որ անհնար է դրանք պարզապես զետեղել մի ֆիլմում: Արցախը լոկ հողատարածք չէ. այս հողում հեղվել է մեր հայրերի և եղբայրների արյունն, և մենք պարտավոր ենք այն սրբությամբ պաշտպանել ու պահել: Երբ հանդիպել ու խոսել ենք զինվորների հետ, զգացել ենք, թե նրանք ինչքան սեր, հավատ ու հպարտություն են տածում իրենց հայրենիքի հանդեպ»: