Դեռահասների մոտ ինքնասպանություն գործելու աճ է նկատվում
Հայաստանում դեռահասների շրջանում ինքնասպանություն գործելու աճ է գրանցվում: Համոզված է հոգեբան Ռուբեն Պողոսյանը: Նրա խոսքերով՝ խթանող գործոններ են սոցիալական, տնտեսական վիճակը, ընտանիքը եւ այլն: Հոգեբանը հիշեցնում է, որ դեռահասության շրջանը կարեւոր անցումային փուլ է եւ անտիկ աշխարհից սկսած ինքնասպանությունների թիվը բարձր է եղել: «Դեռահասները թիրախային խմբում են, իսկ դեռահասներին որսալու մեխանիզմներ ունեն տարբեր աղանդներին եւ խմբերին հարող մարդիկ: Աղանդավորները շատ լավ գիտեն, որ դեռահասները շատ հեշտ կարող են դառնալ ինքնասպանության զոհեր:Ամեն ինչով կարելի է նրանց խաբել, տանել, ներքաշել ինչ որ գաղափարների մեջ»: Ռուբեն Պողոսյանի խոսքերով՝ արվամոլությունը, լեսբիությունը նույնպես սկիզբ է առնում դեռահասության շրջանում: Իսկ կրթական համակարգում, ըստ բանախոսի, ռիսկային խմբերի անձանց հետ ոչինչ չի արվում, մինչդեռ հոգեբանները մեծ աշխատանք են տանում: «Այցելուներից յուրաքանչյուր երրորդը կոծկված ձեւով խոսում է մահվան մասին: Կարեւորը խոսելն է, ոչ թե թաքցնելը: Երեխայի, դեռահասի հետ, որքան խոսում ենք մահվան մասին, այնքան նրա մոտ բթանում է մահվան ցանկությունը»,- նշեց հոգեբանը: Ըստ Ռուբեն Պողոսյանի՝ մարդիկ մահը ճանաչելու համար են դիմում ինքնասպանության: