«Մենք ձեզ ի՞նչ վատություն էինք արել, որ Սամվել Բալասանյանին կարգեցիք մեզ քաղաքապետ»
ԱԺ արտահերթ նիստին այսօր ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց 2016թ. իրենց գործունեության հաշվետվությունը՝ հայտարարելով, թե ապրիլի 2-ին անցկացված ԱԺ ընտրությունները որակական նոր քայլ առաջ էին: Պատգամավորների հարցերը բազմազան էին: Օրինակ՝ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը Տիգրան Մուկուչյանից հետաքրքրվեց. «Մենք ձեզ ի՞նչ վատություն էինք արել, որ այդ բոնուսային համակարգով Սամվել Բալասանյանին կարգեցիք մեզ քաղաքապետ: Կարգել գյումրվա լեզվով նշանակում է դարձել»: https://youtu.be/Pila9ZMf8sw Ելք դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանն անդրադարձավ Հրազդանում 2012թ. ՏԻՄ ընտրություններին, երբ մեծ թվով մարդիկ գրանցվեցին տարբեր բնակարաններում. «Մինչ օրս այդ մարդիկ գրանցված են: Ուզում եմ իմանալ՝ այդ տենդենցը կվերանա՞ ի վերջո: Խոսքը մոտ 7 հազար մարդու մասին է»: https://youtu.be/rYbR-Q7iaEU Ի պատասխան Տիգրան Մուկուչյանն ասաց, որ միանշանակ է, որ այն անձը, որը հանդիսանում է տվյալ հասցեի սեփականատերը, նրա համաձայնությամբ է դա տեղի ունեցել: «Ավելի ընդլայնեմ հարցիս բնույթը՝ չեմ ասի՝ Հրազդանի որ խանութում, բայց նրա աշխատակիցներին ստիպողաբար տանում էին այլ տեղ ընտրության՝ Հրազդանից Գյումրի: Ու ասում էին՝ եթե չգնաս, գործից կազատվես: Հասկանում ենք, որ օրենքով արգելված է, սակայն դա արվում է այնպես, ինչպես իշխանություններն են առաջադրել չափանիշները, դուք ինձից լավ գիտեք»,- նկատեց Սասուն Միքայելյանը: Տիգրան Մուկուչյանը հայտարարեց՝ եթե մարդու իրավունքների խախտում է տեղի ունենում, ապա տվյալ անձը պետք է զբաղվի դրանով՝ արձագանքի, հետամուտ լինի. «Սա է ճանապարհը, որպեսզի ընտրական գործընթացում վերանան խախտումները»: Ելք դաշինքի մեկ այլ պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցը վերաբերում էր ընտրական գործընթացի օրինականության պահպանմանը. «Բազմաթիվ փաստեր հրապարակվեցին այս կամ այն կուսակցության խախտումների մասին՝ «ՍԱՍ գրուպ»-ի ձայնագրությունը, զիբիլիքսի դեպքը, սակայն որեւէ պատժիչ գործողություն չեղավ, ասենք՝ տվյալ կուսակցությանը դուրս թողնել ընտրապայքարից: Ի՞նչ այլ փաստ է անհրաժեշտ, որպեսզի պատժիչ միջոցառում իրականացվի ու վստահությունը վերականգնվի»: https://youtu.be/96fUQ5MzEec Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ արվում է շատ բան՝ վստահության վերականգման համար. «Դրա վառ գնահատականն է ընդհանուր գործընթացի հետ կապված ձեւավորված կարծիքը: Ինչ վերաբերում է կուսակցություններին ընտրապայքարից դուրս թողնել՝ լիազորությունների չարաշահման, խախտումների պատճառով, ապա Վենետիկի հանձնաժողովը ես հայտարարել է, որ դա ծայրահեղ գործիք պետք է դիտարկել, եւ պետք է անել այնպես, որպեսզի որեւէ կուսակցություն դուրս չմնա ընտրապայքարից: Շատ ձայնագրություններ հեռու էին իրական խախտումներից: Խոսքը վերաբերում է դպրոցների տնօրենների ձայնագրությունները: Ընդամենը գույները խտացված էին»: