Արեգ Կյուրեղյանը խնդրել է իրեն այլևս չանհանգստացնել. փաստաբան (տեսանյութ)
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանը չի ցանկացել մեկնաբանել Քրեակատարողական վարչության տարածած այն հաղորդագրությունը, թե նրա մոտ հայտնաբերվել է մաստակի մեջ թաքցրած մեկանգամյա օգտագործման ածելու սայր: Իրեն տեսակցած պաշտպանին նա հետեւյալ պարզաբանումն է տվել. «Եթե ինքը Կալաշնիկով ավտոմատ տեղափոխելու հնարավորություն ունենար, ինքը դա կաներ»,- այս մասին «Ա1+»-ին հայտնեց Արեգ Կյուրեղյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը: Նա պարզաբանում է իր պաշտպանյալի պահվածքը, որի հիմքում երկու շաբաթ առաջ դատարանում նրա եւ ընկերների նկատմամբ կիրառված դաժան ծեծն ու բռնությունն են։ «Նա գիտեր, որ այդ ոստիկանները երեկ իրեն պետք է բերեին դատարան: Այդ նույն ոստիկանները նրան տեղափոխել էին դատարան, ոստիկանների հետ շփում է եղել: Ինքը չէր կարող կանխատեսել, թե ինչ անօրինական, բռնի գործողությունների կարող են դիմել ոստիկանները»: Պաշտպանի խոսքերով՝ ցանկացած անձ ինքնապաշտպանության իրավունք ունի: Հունիսի 28-ին Ավան եւ Նոր- Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կիրառված բռնության փաստի առիթով հարուցվել է քրեական գործ: Մի քանի օր առաջ Արեգ Կյուրեղյանին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում այցելել է քննիչը: «Քննիչին հայտնել է, որ հրաժարվում է որեւէ քննչական գործողության մասնակցելու»: Որեւէ փաստաթղթի տակ Արեգ Կյուրեղյանը հրաժարվել է ստորագրել եւ խնդրել իրեն այլեւս չանհանգստացնել: Նա տուժող ճանաչվել է, թե ոչ՝ պաշտպանին հայտնի չէ. «Որեւէ մեկը ինձ հետ կապ չի հաստատել, չի հայտնել նրան տուժող ճանաչելու վերաբերյալ: Ինչպես մենք գիտենք փաստաբաններին տեղեկացրել էին, որ Մխիթար Ավետիսյանը եւ Արայիկ Խանդոյանը տուժող են ճանաչված: Արեգ Կյուրեղյանի դեպքում նման տեղեկություն չունենք»: Իսկ Արեգ Կյուրեղյանը այժմ գտնվում է պատժախցում՝ արգելված իր ունենալու համար: