Պատահարների թիվն ավելացել է. արագաչափերը չեն օգնում
2017 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում 6069 արտակարգ դեպք է գրանցվել: Արտակարգ պատահարների թիվը նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ աճել է 867-ով, այսինք՝ 16,7 տոկոսով: Այս մասին այսօր հայտարարեց Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը: Պատահարների մեծ մասը ճանապարհատրանսպորտային դեպքերն են, այնուհետեւ հրդեհներն ու թունավորումները: Գրանցված արտակարգ պատահարների արդյունքում զոհվել է 149 մարդ, տուժել՝ 4866-ը: Նախորդ տարվա համեմատ 10-ով աճել է զոհերի թիվը, 747-ով՝ տուժածներինը, հաջողվել է փրկել 131 մարդու կյանք, որը 28-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: ՃՏՊ-ների թիվն այս կիսամյակում աճել է 109- ով , բայց զոհերի թիվը 6-ով նվազել է: Ինչո՞ւ փողոցներում եւ մայրուղիներում արագաչափերի ավելացումից հետո հակառակ պրոցես չի գրանցվել ու ՃՏՊ-ների քանակն ավելացել է. հարցին պարոն Խանգելդյանը պատասխանեց. «Այդ սարքերը խախտումն արձանագրող միջոցներ են և ոչ թե կանխարգելիչ: Սարքի տեղադրված հատվածում, դրանից մի քանի հարյուր մետր առաջ իհարկե պատահարների թիվը քչացել է, բայց ոչ ամբողջ փողոցում: Այն անցնելուց հետո կրկին արագությունն են ավելացնում»,-ասաց նա: