Պետության տրամադրած սայլակը պիտանի չէ հաշմանդամություն ունեցողին (տեսանյութ)
«Ես ինքս չեմ կարողանում օգտվել այն սայլակից, որը տրամադրում է ինձ պետությունը և առաջարկել եմ, որ 3 տարին մեկ տրամադրվող սայլակի փոխարեն, հաշմանդամներին տրամադրվի գումար, որով մարդիկ կկարողանան գնել իրենց համապատասխան սայլակը»,- այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում նշեց «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը: Արմեն Ալավերդյանը նախորդ տարիների համեմատ նկատել է դրական տեղաշարժ: Նա վերջին շրջանում հետևել է վիճակագրությանը և պարզել, որ հաշմանդամության խնդիրներ ունեցող մարդկանց թիվը վերջին ամիսներին 10 հազարով նվազել է. «Ժամանակին եղել են կոռուպցիոն դեպքեր, երբ մարդիկ գումարի դիմաց ստացել են հաշմանդամության կարգ, սակայն այդ 10 հազարի նվազումը կապված չէ կոռուպցիայի հետ»: Ըստ Արմեն Ալավերդյանի Երևանի փողոցները, մշակութային կենտրոններն առավել հասանելի են դարձել հաշմանդամություն ունեցող մարդկանց: Նա անդրադարձավ նաև Հայաստանում գործող ներառական դպրոցներին, որոնք թվով 180-ն են և նշեց, որ նախատեսվում է մինչև 2025 թվականը բոլոր դպրոցներն ապահովել ներառական կրթության ծրագրով: Կարևոր խնդիրների մեջ առանձնացրեց նաև հաշմանդամություն ունեցողների հանգստի հարցը, քանի որ չկան համապատասխան պայմաններ հանգստի գոտիներում, որ թույլ կտան հանգստի մեկնել հաշմանդամություն ունեցողին: Ա. Ալավերդյանը հույս հայտնեց, որ կբարեկարգվի շրջապատը, որպեսզի այն հարմարավետ լինի հաշմանդամություն ունեցողների համար, քանի որ այն ինչ հարմար է հաշմանդամություն ունեցողին, հարմար է բոլորին: