«ՀԱՅՋՈՒԹ»-ը ՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՏԵՂ ՉՈՒՆԻ
Աջակցիր «Ա1+»-ինԵրաժիշտ Մանուկ Հարությանյանը միշտ երազում էր ունենալ մի այնպիսի նվագարան, որի ձայնային, տեմբրային հարստությունը չնմանվեր մյուսներին` եվրոպական ջութակներին կամ քամանչային: 5 տարվա ընթացքում նա ստեղծեց 5 լարանի մի ջութակ եւ անունը «հայջութ» դրեց:
«Նուրբ, կնոջ մարմին ու մեղմ ձայն ունի «հայջութը», նվագում եմ` իրանը շոյելով»,- «Ա1+»-ին իր զգացումներրը կիսեց Մանուկ Հարությունյանը:
Ըստ երաժիշտի` նրան հատկապես ոգեշնչեց այն, որ ապացուցվեց ջութ նվագարանի` հայերի կողմից ստեղծված լինելու հանգամանքը, եւ որ Վերածննդի դարաշրջանում զարգացում ապրած վիոլլա ջութի պապերն էլ են հայ:
Մանուկի արհեստանոցում «հայջութը» միակ հազվագյուտ գործիքը չէ: Կոնսերվատորիայում դասավանդելուն մեկտեղ նա Վերնիսաժում 12 տարուց ավելի նորոգել է տարբեր երաժշտական գործիքներ ու այդ ընթացքում ստեղծվել է իր հավաքածուն: «Հետաքրքիր աշխատանք էր գործիքների պատմությունները գտնելն ու հավաքելը: Բաղդասար Դպիրի սազից մինչեւ Ջանովի ֆաթուլան հիմա իմ հավաքածույում են»,- պատմեց նա:
Երածիշտը մտադիր է երաշտական գործիքների թանգարան բացել եւ Հայաստանը միացնել աշխարհի այն 3 երկրների շարքին, ովքեր բացառիկ երաժշտական գործիքների թանգարան ունեն:
«Եղել են պահեր, երբ համբերությունս չի հերիքել, մտածել եմ վաճառել հավաքածուս, որդուս բնակարան գնել, բայց նորից մտափոխվել եմ. կյանքիս նպատակը այդ տունը չէ»,- ասաց նա:
Մանուկը իր փոքրիկ արհեստանոցում պահում է եվրոպական նվագարանների` ակարդեոնների, ֆլեյտաների, կլարնետների 200-ից անցնող հավաքածուն եւ յուրաքանչյուրը ամենաքիչը 100 տարվա պատմություն ունի: Սակայն նրա համար առանձնահատուկ նշանակություն ունի հին հայկական նվագարանների հավաքածուն եւ մեծանուն հայ գործիչներին պատկանած նվագարանները:
«Արհեստանոցիս դուռը կոտրել էին, ներս մտել: Բայց միայն սեղանին դրված մթերքներն ու աննշան բաներն էին տարել, լավ է չէին հասկացել արժեքը»,- պատմեց երաժիշտը:
Այսօր Մանուկին հաճախ են հրավիրում իր «հայջութով» ելույթ ունենալու եւ նա թաքուն հավատում է, որ լսելով իր նվագարանների հավաքածույի մասին` մի օր գուցե օգնեն իրեն իրականացնել իր վաղեմի երազանքը` բացել երաժշտական գործիքների թանգարանը: