Ժիրայր Սեֆիլյանը հույսով ու հավատով է լցված. պաշտպան (տեսանյութ)
Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանն այսօր իր պաշտպանի միջոցով կոչ է հղել. «Սիրելի ժողովուրդ մեզ հաջողվելու է հեռացնել գաղութացված վարչախումբը եւ իսկական պետություն ստեղծել»,- «Ա1+»-ին փոխանցեց պաշտպան Տիգրան Հայրապետյանը: «Արմավիր» ՔՀԿ-ում գտնվող Ժիրայր Սեֆիլյանը, ըստ պաշտպանի, հույսով եւ հավատով է լցված, հանդուրժողականությամբ է լցված եւ որեւէ կերպով նկատել չի տալիս, որ իր կարգավիճակից դժգոհ է: Նախորդ տարվա հունիսի 20-ից անազատության մեջ գտնվող Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ինչպես նաեւ կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու եւ շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու՝ ոտքի չկանգնելու համար նրան դատավորը հեռացրել է նիստերի դահլիճից։ «Դատավորը սխալ կիրառելով օրենքը Ժիրայր Սեֆիլյանին զրկում է դատաքննությանը ներկա լինելուց»,- մեզ հետ զրույցում ավելացրեց Տիգրան Հայրապետյանը: Պաշտպանը հուլիսի 31-ին դիմել է Սերժ Սարգսյանին՝ պահանջելով դադարեցնել դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի լիազորությունները. «Սա բացառապես իմ դիմումն է հանրապետության նախագահին: Սա Ժիրայր Սեֆիլյանի հետ ընդհանրապես կապ չունի: Սա փաստաբան Տիգրան Հայրապետյանի դիմումն է, սա արդարադատության իրականացման հետ գործնականում շփվող Տիգրան Հայրապետյանի դիմումն է»,- ավելացրեց փաստաբանը: Դեռեւս որեւէ պատասխան պաշտպանը չի ստացել ոչ միայն նախագահականից, այլ նաեւ Արդարադատության խորհրդից: