Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ արիները նշել են Նավասարդը, կազմակերպել երդման արարողություն

Հասարակություն
Hayk-ev-bel

Օգոստոսի 11-ի վաղ առավոտյան հայ արիներն ու համախմբված արիադավան-հեթանոս ազգայնականները հերթական անգամ նշեցին Նավասարդի ավանդական տոնը: Այս օրը հավիտյանս փառաբանվում է Դյուցազուն Հայկի՝ Տիտանյան Բելի դեմ տարած հաղթանակի համար: Մեր փառահեղ Նախնի Հայկը, ինչպես Հայոց էպոսի Սասնա Դավիթը (ով հաղթեց Մսրա Մելիքին՝ պահպանելով խաղաղությունը Հայոց Աշխարհում), Տիեզերքի Արարչի եւ Հայ Աստվածների կամոք վերադառնում է Հայոց Երկիր, որպեսզի ազատագրի այն՝ հայ սերմից զորացած ու մեր երկիրը նվաճած տիտաններից... Այդ օրը Հայկը հաղթեց Արարատը նենգորեն զավթած Բելին, վերատիրեց Հայոց Երկիրը ու հային բերեց ազատ կյանք: Նահապետը հայ ազգի հիմնադիրը չէ, ինչպես շարունակում են պնդել հայի տարիքը նվազեցնելու միտում ունեցողները: Հայ ազգը Արարչի արարած 7 բնածին ազգերից մեկն է՝ հենց առաջինն արարված, եւ Հայոց փառահեղ նախնին հայ ազգի այն ներկայացուցիչներից է, ով Աստվածամարդ էություններից մեկն է, որ այդ ժամանակահատվածում կատարեց իր եւ հայ տեսակի առաքելությունը... Եվ Հայկը կատարեց իր երկնային առաջադրանքը, որ երկրային առաքելությունն էր իր՝ վերակագնվեց Հայի Իշխանությունը Հայոց Հավիտենական Հայրենիքում՝ Հայքում՝ Հայկի (հայերի) նախապապերի երկրում: Սակայն այս պատմական փաստը (արտաքին ու ներքին) պատմա-ստագիտությամբ շարունակում են աղավաղել: Նախ փորձեցին Հայոց պատմությունն սկսել հուդա-քրիստոնեության ներխուժման պահից իբր հայն այդպես միայն ազգ դարձավ, որ հազիվ 2 հազար տարեկան է: Բայց չհաջողելով սուտը, փորձում են մեր պատմությունն ու ինքնությունը սահմանափակել 4-5 հազար տարվա մեջ՝ մոռացության մատնելով բյուր հազարամյակների հասնող մեր արաչական անցյալը: Անգամ Աստվածազարմ Հայկին Աստված հռչակելով՝ փորձել են մեր Աստվածներին մարդեղեն դարձնել՝ իբր հիմնավորելով Հայ Աստվածների ոչ Արարչածին ու Հավերժական լինելը։ Պատմահայր Մովսես Խորենացին է անգամ արձանագրել (ում աշխատությունների հիմնարար մասը նույնպես ոչնչացվել է հուդա-քրիստոնեական գրաքննությամբ), որ Հայք վերադառնալով՝ Հայկը հանդիպում է Հսկաների Ցեղի ցիրուցան ներկայացուցիչների, որ Հայքի բնիկներն էին եւ նրանց հնարավոր չէր եղել ստրկացնել... Իրականում՝ Հայ Աստվածների կամոք Հայկը վերադարձավ նվաճված Հայք եւ հանդիպեց հսկա մարդկանց բազում խմբերի, որ մեկուսացել էին հայոց լեռներում, որտեղ ապրում էին ինքնապաշտպանվելով: Մեր փառահեղ Նահապետն անգամ զարմացել է այդքան հսկաների առկայությունից, բայց իր քաջագործություններով՝ կարողացել է համախմբել նրանց, ինչպես դա արեց հայրենիք վերադարձած Սասնա Դավիթը... Հաղթելով Բելին՝ Հայկը զարկ տվեց վերազարթոնքին, հայության վերելքի մի նոր դարաշրջան բացեց ու հետագա սերունդները դա գնահատելով փառաբանեցին Հայկյան հաղթանակը, իսկ Նավասարդը երկար ժամանակ (մարտին նշվող Հայոց Ամանորից հետո) նշվում էր որպես Նոր Տարի՝ Նոր Վերածննդի ու Կյանքի օր... Օգոստոսը հին Նավասարդ ամիսն է: Նավ-Աս-Արդ՝ուժականության-զորության խորհրդի հաստատում: Նավասարդյան խաղերն էլ առավելապես զորախաղեր են եղել, որի ժամանակ Հայկյան զինվորի պատվավոր կոչում է տրվել: Իսկ այսօր մերթ ընդ մերթ կազմակերպվող Նավասարդյան խաղերը զուրկ են Նավասարդի բուն էությունից: Օգոստոսի 11-ին Երեւանում, Հայկ Նահապետի արձանի մոտ Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի քրմերի մասնակցությամբ ծիսական արարողություն է կազմակերպվել, որտեղ փառաբանվել են Հայ Աստվածներն ու մեր հզոր նախնին՝ Հայկը: Տոնն ավարտվել է գինեձոներով համեմված ավանդական ուտեստների համտեսմամբ՝ Հայ Արիական Միաբանության կենտրոնում: Միաժամանակ կառույցի անդամները Հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանի եւ «Արցախյան պատերազմի մասնակիցների» խորհրդի մասնակցությամբ եղել են հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական սահմանային որոշ հատվածներում՝ իրենց հավատարմությունն հավաստել ազգին ու հայրենիքին: Հայ արիականներն ու ազգայնականները հերթական անգամ նաեւ երդման արարողություններ են կազմակերպել՝այցելելով Գարեգին Նժդեհի մասունքների վերաթաղված 3 սրբավայրեր,Սասունցի Դավթի, Տորք Անգեղի եւ այլ հուշարձանների մոտ: Փառաբանվել են նախորդ տարվա ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներն ու նահատակները, ինչպես նաեւ մերօրյա հայ զինվորները, հատկապես՝ սահմանապահ մարտիկները։   Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոն  Երեւան - հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական (Արցախի եւ Նախիջեւանի հետ) սահմանային հատվածներ