Դիլիջանի Ռոտոնդայից մնացին միայն լուսանկարներ և հուշեր (տեսանյութ)
Դեռ մի քանի տարի առաջ Ռոտոնդան դիլիջանցիների հպարտությունն էր, և զբոսաշրջիկներին պարտադիր այցի էին տանում: Անցյալ դարի սկզբին այստեղ բացօթյա թատրոն էր, պարահանդեսներ էին կազմակերպում, հայ մտավորականության սիրելի վայրերից էր և Աղասի Խանջյանի ամառանոցը: Որպես պատմական ճարտարապետական հուշարձան պաշտոնապես պահպանվում էր պետության կողմից ներկայացված «10.3.130» համարով:
Սակայն տարեցտարի քանդվում էր՝ չարժանանալով համապատասխան ուշադրության։
Ցավոք, այսօր ամբողջովին է փլուզված է: Չկան նկարազարդ առաստաղը, նախշազարդ սանդուղքները, սյունազարդ պատշգամբները։ Հանրապետական նշանակության հուշարձանը մնաց որպես հուշ լուսանկարներում: Շինության տեղում փլատակներ են և դեպի երկինք ցցված մի քանի քարե սյուներ:
Տարածքն այժմ մասնավոր սեփականատեր ունի:
Հիմա դիլիջանցիների համար բացօթյա միջոցառումներ են կազմակերպում 1982-ին կառուցված Մայիսյան ապստամբության մասնակիցներին նվիրված հուշարձան-ամֆիթատրոնում: Ասում են՝ ճարտարապետ Նվեր Դանիելյանը ոգեշնչվել է Ռոտոնդայի կառույցից:
Դեպի Ռոտոնդա բարձրացող ճանապարհին «Մատինովի աղբյուրն» է, որը կառուցել է 1880-ին գինեվաճառ Մատինովը: 2008-ին վերանորոգված աղբյուրի պատը սողանքից նորից ճեղք է տվել:
Քաղաքը սողանքավտանգ գոտի է համարվում դեռևս 1970-ականներից: Սողանքների առաջացման հիմնական պատճառը մասնագետները համարում են ստորերկրյա ջրերը: Դեռևս խորհրդային շրջանում, 11 միլիոն ռուբլի էր հատկացվել հակասողանքային թունելներ կառուցելու համար, որոնք այդպես էլ կիսատ մնացին և չգործարկվեցին: Դրենաժային այդ երեք թունելների ընդհանուր երկարությունը 1700 մ էր: Եթե այն գործարկելու համար որոշակի ներդրում արվեր, մասնագետների կարծիքով՝ քաղաքի պատմական կառույցների համար կարող էր փրկություն լինել:
Այսօր դիլիջանցիների հպարտության աղբյուրն է «Միմինո» ֆիլմի հերոսների պատվին հուշարձան-աղբյուրը, որ նաև զբոսաշրջիկների սիրված վայրերից է: Իսկ զբոսաշրջիկների պակաս Դիլիջանը չունի:
Գեղեցիկ բնություն, մեղմ կլիմա, սառնորակ, քաղցրորակ աղբյուրներ:
Այս տարի շատ են Աբու Դաբիից, Շարժայից ու Քուվեյթից եկած արաբ զբոսաշրջիկները, որոնց համար կարևորը կլիման է և խոհանոցը, ասում է տուրիստական գործակալության թարգմանիչ Ջուլյա Փամփալյանը:
Ջուլյայի խոսքով, հյուրերը շատ գոհ են և ասում են, որ իրենց ազգականներին ու ընկերներին տեղյակ պետք է պահեն, որ նման երկիր կա և խորհուրդ տան այցելել: Իսկ փոքրիկ Համադի ու Ահմեդի մեծ ցանկությունն է Հայաստան այցելել ձմռանը:
Ավելին՝ տեսանյութով