Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չմոռացվելու համար այրում են նաև աստծո տաճարը. լեզվաբանը՝ Բագրատյանին

Հասարակություն
lezvaban

Վերջին մի քանի օրերի ընթացքում ամենաբուռն քննարկվող թեմաներից է ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ 5-րդ գումարման պատգամավոր, տնտեսագետ Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան  գրառումը, որտեղ  խոսելով հայերենի բառաֆոնդի, թարգմանական հնարավորությունների մասին, պատգամավորը  հայերենը համարում է աշխարհի ամենաաղքատ լեզուներից մեկը:  Այս հարցի շուրջ  «Ա 1+»-ի հետ զրույցում իր  տեսակետը հայտնեց Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանը (թեմային նա անդրադարձել էր նաև ֆեյսբուքյան գրառմամբ): «Տնտեսագետ չեմ: Բայց անպայման տպավորությունը ունեմ, որ Հրանտ Բագրատյանը իր ուրույն տեղն ունի մեր տնտեսագիտական մտքի և առհասարակ տնտեսական քաղաքականության մշակման մեջ: Քաղաքականությունն էլ, ցավոք, իր հերթին ունի բնավորության ուրույն որակներ. երբեմն հրապարակից վտարում - մոռացության է մատնում իր գործի մեջ նաև որակ ունեցողին: Չմոռացվելու համար այրում են նաև աստծո տաճարը: Այս դեպքում հարմար է թվացել.... մայրենի լեզուն: Հակառակ դեպքում տնտեսագիտության դոկտորը հազիվ թե կարող էր չիմանալ կամ հրապարակավ հանդես գալուց առաջ չճշտել, որ. 1.Է. Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանը» (Եր., 1976) պարունակում է ոչ թե 75 000 բառ, այլ երկու անգամ ավելի՝ 135 600 բառ և 11 000 դարձվածաբանական միավոր` 14 000-ով ավելի, քան ռուսաց լեզվի (ոչ թե ռուսական) ակադեմիական բառարանում:

  1. «Այսօր մեր լեզվում կա շուրջ 100000 բառ», — հայտարարում է Բագրատյանը: Իրականում այդ թիվը հասնում է 350 000-ի (Արդի հայերենի բացատրական նոր քառահատոր բառարանը ստեղծված է և արդեն տասը տարի է՝ սպասում է իր հովանավոր-հրատարակչին), ասել է թե՝ պարունակում է 100 000-ով ավելի բառ, քան, օրինակ, ըստ տնտեսագետի բերած տվյալների, գերմաներենը: Եվ բառերի քանակը, անշուշտ, դրանով չի սահմանափակվում. ամեն օր հայերենում ստեղծվում կամ փոխառվում են տասնյակ նոր բառեր: 
3.Գիտության տվյալներով՝ հայերենը համառոտությամբ աշխարհի լեզուների մեջ գրավում է միջին դիրք. ճապոներենը, ասենք, աշխարհի, այսպես կոչված, երկարաբան լեզուներից է, բայց դա բնավ չի խանգարում երկրի տնտեսագիտական միտքը այդ լեզվով լավագույնս կերտելուն: 4.Գրողի գործածած բառապաշարը չպետք է շփոթել նրա ստեղծած բառերի քանակի հետ. Պուշկինը ոչ թե «ռուսաց լեզուն հարստացրել է 24 000 բառով», այլ ընդամենը իր երկերում գործածել է 21 290 բառ, այնպես, ինչպես Գրիգոր Նարեկացին միայն Մատյանում գործածել է 7000 բառ, իսկ «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» բառարանում Նարեկացիով վկայված բառերի (ասել է թե՝ նրա ստեղծած բառերի) թիվը 1800 է, Հովհաննես Շիրազը ստեղծել է 2 000-ից ավելի նոր բառեր (թեև դրանց մի մասը բառարանային գրանցում չունի և չի կարող ունենալ դիպվածային լինելու պատճառով): 5.Լեզվի հարստությունը բառերի սոսկական քանակով որոշելը չունի գիտական հիմնավորում: Հայերենը աշխարհի հարուստ լեզուներից է՝ պայմանավորված նաև ձայնական հարստությամբ (<....եթե նվագայնությամբ զիջում է իտալերենին ու ճապոներենին, ապա առաջ է գերմանական ու սլավոնական լեզուներից> (Պ. Պողոսյան, Խոսքի մշակույթի և ոճագիտության հիմունքներ, գիրք առաջին, Եր., 1990, էջ 127)) ու քերականական կառուցվածքի ճկունությամբ: 6.Նույն տեքստը հայերենից անգլերենի փոխադրելիս պակասում է մոտ 15%-ով, սակայն գերմաներենի փոխադրելիս նույն չափով ավելանում է: Երևույթը ունի գիտական բացատրություն. պայմանավորված է լեզուների առանձնահատկությամբ և ոչ թե աղքատությամբ: Հակառակ պնդումը ապագիտական է: 7.Հայերենը մշտապես հարստանում է փոխառություններով (մագիստատուրա, հիպոթեք, ալյանս, պլանշետ, վայբեր, իմպլանտ, գոլֆ, ասամբլեա, բեսթսելլեր, վայֆայ և այլն) և ավելի հաճախ օտար բառերը փոխարինում է հայերեն հաջող համարժեքներով (ամնիստիա-համաներում, իդենտիֆիկացիա-նույնականացում, ռեգլամենտ-աշխատակարգ, ինտերնետ-համացանց, գրանտ-դրամաշնորհ, սպելեոլոգիա-անձավագիտություն, վեբսայթ-կայք(էջ), սինխրոն լող-գեղալող և այլն):  Համակարգիչ-ը միանգամայն հաջող համարժեք է: Պատճենված է ֆրանսերենից (ordinateur): Բոլոր դեպքերում, այս կարգի հարցերը պետք է քննարկվեն մասնագիտական դաշտում: Հակառակ դեպքում՝ անհիշությունը (այս դեպքում՝ մոռացումը) անխուսափելի է: