Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիզաների ազատականացման կարեւոր փուլերից մեկը՝ գործողության մեջ

Քաղաքականություն
fcec69a348bc38dcbcd0c27345ff12ec

Այս տարվա 8 ամսվա տվյալներով 1061 անձի վերաբերյալ Եվրամիության երկրներից  կա ռեադմիսիայի՝ հետընդունման հայց, մինչդեռ անցած ամբողջ տարվա ցուցանիշն  ընդամենը 473 էր: «Շատ-շատերը լինում են, այսպես կոչված, խառը ամուսնություններ՝ հայ-ադրբեջանական... մի տառ փոխում են անձնագրերի մեջ... նման դեպքերի համար էլ կա գործիք նախատեսված, այն է՝ բանավոր հարցազրույցի հիման վրա կարող են նույնականացնել, որից հետո այն անունով, որ հանդես են գալիս, լրացվի վերադարձի վկայական, եւ արդեն վերադառնան ՀՀ»,- ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում նշեց ՀՀ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը՝ անդրադառնալով «ՀՀ եւ ԵՄ միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկող արձանագրությունը վավերացնելու մասին նախագծին: Սա վիզաների ազատականացման կարեւոր փուլերից մեկն է եւ վերաբերում է, այսպես կոչված, անօրինական  միգրանտների քաղաքակիրթ վերադարձին: Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց ԱՄՆ-ից ՀՀ արտաքսված, 5 մարդու սպանության մեջ մեղադրվող Գոռ Հակոբյանի դեպքը, որը  սպանվեց ոստիկանական կրակոցից, երբ  Երեւանում օրերս  պատանդ էր վերցրել մի աղջկա. «Միգուցե  այդ որակի մարդկանց որոշակի սանդղակ դրվի, որ կրիմինալ հանցագործները դեպորտ չարվեն երկիր: Մենք չգիտեի՞նք, որ այդ անձնավորությունը հինգ հոգու սպանության համար լուրջ դատապարտվել է, այսինքն ինչո՞ւ, երբ նա դեպորտ արվեց, հսկողություն նման անձի նկատմամբ չիրականացվեց»: «Մենք ԱՄՆ հետ չունենք ռեադմիսիոն համաձայնագիր: Համաձայնագրերը, չէ, որ մարդկանց հետ են ուղարկում, այլ մարդկանց անկանոն վիճակն է, որ նրանց պետք է հետ ուղարկվի: Այստեղ ավելի շուտ էքստրադիցիայի մասին է խոսքը, երբ քրեական պատիժը կրելու հարցերում կան համաձայնագրեր, որ իր քաղաքացիության երկրում պատիժն իրականացնի»,- պարզաբանեց Գագիկ Եգանյանը: Ինչ վերաբերում է երկրից ընդմիշտ հեռացած քաղաքացիներին, ապա Գագիկ Եգանյանի վստահեցմամբ՝ չկա արտագաղթողների  մասին նման ռեգիստր եւ չի էլ կարող լինել. «Այսինքն, անձը, եթե երբեք ամսով կամ մի փոքր ավելի երկար պետք է մշտական գնա ու մնա այլ երկրում, դա է միգրանտի միջազգային սահմանումը: Նա չի գալիս պետական մարմնի մոտ, ասում՝ պարոն Եգանյան, ես գնում եմ, խնդրում եմ ինձ հաշվառեք՝ ես արտագաղթող եմ»:  Ըստ պարոն Եգանյանի՝  եթե 2000-ականներին ապաստան էր հայցում 10 հազար ՀՀ քաղաքացի, ապա հիմա թիվը նվազել է՝  դառնալով մոտ 6000: Դրա պատճառը, ըստ նրա, Եվրոպացի պաշտոնյաների տեղեկացվածության  բարձր մակարդակն է. «Նույնիսկ այնպիսի զարգացած համակարգեր ունեն, որ լեզվի բարբառից կարող են մոտավորապես ասել՝ Լոռիից է  տվյալ անձը, Շիրակից, թե Արցախից: Ուրիշ բան էր 1990-ականները, երբ ՀՀ մասին այդքան քաջատեղյակ չէին»: Հետընդունման հայցեր կան նաեւ ԵՏՄ երկրներից, թեեւ կա աշխատուժի ազատ տեղաշարժի համաձայնագիր: ՀՀ միգրացիոն պետական ծառայության պետի խոսքով՝  ԵՏՄ-ից ռեադմիսիա կլինի, եթե ՀՀ քաղաքացին խախտի անդամ որեւէ երկրի միգրացիոն օրենքը: