Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ծառուկյան դաշինքը» խոսում է կառավարության հաջողություններից (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Untitled3-1

Հանրապետական Ալիկ Սարգսյանը Հայաստանում տեսնում է տնտեսական զարգացում.  «Մեր մարդկանց կենսամակարդակի բարձրացման հետ կապված, մնացած բոլոր ոլորտների հետ կապված»,- ասում է ՀՀԿ խմբակցության անդամը: Պարոն Սարգսյանը ոչ մի կոնկրետ փաստ չի կարողանում առանձնացնել, թե ինքն անձամբ որտեղ եւ ում է տեսել բարձրացած կենսամակարդակով, սակայն անձամբ գիտի մարդկանց, որոնք խոսել են այդ մասին. «Երեկ երեկոյան մի տեղ էի ես ուղղակի տեսա էդ մարդկանց վերաբերմունքից՝ մեր սփյուռքահայերի, ովքեր Հայաստանում են, ինչպիսի ոգեշնչությամբ, ինչպես են ոգեշնչված ամեն ինչով, բոլորի մոտ տեսանելի է, որ անցած տարվա վրա փոփոխություններ կան»: Իր կյանքում պարոն Սարգսյանն իր բառերով, նախորդ տարվա վրա ոչ մի փոփոխություն չի տեսել, բայց ինքը չի կարող հաշվի չնստել սփյուռքահայերի տեսածի հետ: Սակայն հայտնի է, որ վարչապետ Կարեն Կարապետյանը դեռ նախորդ տարի խոստացել էր մեկ տարվա ընթացքում 830 միլիոն դոլարի ներդրում անել Հայաստանի տնտեսական կյանքի աշխուժացման համար՝ ու՞ր են այդ ներդրումները, Ալիկ Սարգսյանը տեսնու՞մ է դրանք. «Դե գիտեք ինչ՝ բոլոր ժամանակներում  տարբեր խոստումներ եղել են՝ որ կկարողանանք հասցնենք ցուցանիշն էս աստիճանի, տնտեսական աճ, չգիտեմ ինչ: Ցավոք սրտի էնպես չի, որ բոլոր որոշումներն են անմնացորդ կատարվում»,- բացատրում է ՀՀԿ-ականը: Պարոն Սարգսյանը շատ է ցավում՝ միայն Կարեն Կարապետյանով չէ, ներքին եւ արտաքին շատ մարտահրավերներ են խանգարում կառավարության հաջողություններին: Հենց այդ պատճառով նախկին ոստիկանապետը չի կարող ասել՝ հաջորդ տարվա ապրիլին ինքն անձամբ Կարեն Կարապետյանին վարչապետի աթոռ կվստահե՞ր թե՝ ոչ. «Կգա ապրիլը՝ կորոշենք։ Էս պահին նորմալ է, ես որեւէ խնդիր չունեմ վարչապետի հետ, վարչապետի դեմ, նրա գործունեության դեմ»: Կառավարության գործունեությունը չի գոհացնում «Ծառուկյան դաշինք» խմբակցության անդամ Գեւորգ Պետրոսյանին: Սակայն նա էլ չի կարող ասել, թե 2018-ի ապրիլին ում նախապատվություն կտա՝ Սերժ Սարգսյանի՞ն, թե Կարեն Կարապետյանին.  «Մենք կողմ ենք վարչապետի այն թեկնածուին, որը Հայաստանը խելամիտ հավակնոտ ծրագրով դուրս կբերի այս վիճակից»,- ասում է «Ծառուկյան դաշինք» խմբակցության անդամ Գեւորգ Պետրոսյանը : Գեւորգ Պետրոսյանը չի ուզում ծայրահեղ ընդդիմադիր լինել եւ փորձում է նոր կառավարության որոշ հաջողություններից խոսել. «Այս պաշտոնյան, այն պաշտոնյան գնում է Հայաստանի ինչ-որ շրջան, ինչ-որ մի հիմնարկ են օծում»: Չնայած կառավարության այսպիսի հաջողություններին, պատգամավորը մի կերպ է զսպում իրեն, որպեսզի Հանրապետականի մասին չասի այն ամենը, ինչ մտածում է. «Դա մի կուսակցություն է, որը էսօր քաղաքական ղեկին է գտնվում եւ մենք էսօր բոլորս ճաշակում ենք էդ քաղաքականության պտուղները»,- ավարտում է միտքը Գևորգ Պետրոսյանը: Մնում է, որ, ըստ պատգամավորի, Հանրապետականը հայ ժողովրդին համոզի, թե Հայաստանի անկախության համար ինչ հետեւանքներ կունենա այդ կուսակցության մնալն իշխանության ղեկին: