Փաստաբանին սպառնացողը պարբերաբար փոխում է անուն-ազգանունը (տեսանյութ)
Մեկ ամիս առաջ կեղծ օգտատերը սպառնալիքներ էր հնչեցրել փաստաբան Արայիկ Պապիկյանի եւ նրա ընտանիքի անդամների հասցեին: Մեկ ամիս հետո նա դեռ հայտնաբերված չէ. «Սպառնալիքների մասով իմ կամ իմ ընտանիքի անդամների վերաբերյալ գործ չի հարուցվել»,- «Ա1+»-ին ասաց փաստաբան Արայիկ Պապիկյանը: Քրեական գործը հարուցել է մասնագիտական լիազորությունները խոչընդոտելու փաստի առիթով: Արայիկ Պապիկյանը նախաքննության ընթացքից տեղյակ է այնքանով, որ ճանաչվել է տուժող. «Թե ինչ քննություն է կատարվում եւ ինչ գործողություններ են կատարվում, ես որեւէ տեղեկություն չունեմ»: Փաստաբանը համոզված է ՝ սպառնալիքները կապված են Սասնա ծռերի եւ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով որպես պաշտպան հանդես գալու հետ: «Այդ սպառնալից նամակները , ընդհանրապես վերջին ամիսներին տեղի ունեցածը դրանք տրամաբանական շղթայի մաս են կազմում: Այս ամենն ուղղորդվում է մի տեղից կամ մի կառույցից: Ես կասկածներ ունեմ, որ այդ նամակներ ուղարկող անձն ինքը պարզապես շարքային քաղաքացի չէ: Արայիկ Պապիկյանին սպառնացել էր կեղծ օգտատեր Էմմա Սահակյանը: «Երբ ես ներկայացա ոստիկանության համապատասխան ստորաբաժանում բացատրություն տալու վերաբերյալ , ոստիկանությունում գտնվելու ժամանակ արդեն այլ անունով էր հանդես գալիս: Օրեր անց բոլորովին այլ անուն է դարձել: Ես ինքս դա տեսել եմ եւ կարծում եմ, որ վարույթն իրականացնող մարմինը՝ տվյալ դեպքում քննիչը, նկատել է այս բոլոր փոփոխությունները»,- ավելացնում է Արայիկ Պապիկյանը: «Հելսինկյան ասոցիացիա»-ի փաստաբանը սակայն չի պատրաստվում այդ մասին տեղյակ պահել վարույթն իրականացնող մարմնին՝ հակառակ դեպքում դա կնշանակի, որ ինքն է քննություն տանում՝ սպառնալիքներ հնչեցրած անձին հայտնաբերելու ուղղությամբ. «Այդ դեպքում ինչով են զբաղվում իմ աշխատավարձից ստացված հարկերով վճարվող ոստիկանության աշխատողներն ու քննիչները»: Արայիկ Պապիկյանը համոզված է՝ սպառնալիքներ հնչեցրած անձը չի հայտնաբերվելու. «Որոշ ժամանակ կձեւացնեն, որ քննություն են տանելու, եթե իհարկե տանում են: Մի օր էլ կհայտնեն, որ կատարող անձի չհայտնաբերման ուժով քրեական գործը կարճում ենք եւ վերջ»: Գործի քննությունն իրականացվում է Վաղարշապատի քննչական բաժնում: