Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պահն է գիշերվա իրավիճակին վերադառնալ ու լույս սփռել»

Քաղաքականություն
narin

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում այսօր քննարկվեց Ելք դաշինքի ներկայացրած «ՀՀ մասով ԵՏՄ պայմանագրի գործողությունները դադարեցնելու գործընթաց սկսելու նախագծի վերաբերյալ ԱԺ եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը։ Այն ներկայացրեց խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ Նա մասնավորապես նշեց, որ ՀՀ-ն այդ միությունում անելիք չունի, ու այն լրջագույն սպառնալիքներ է ստեղծել մեր ռազմական ու քաղաքական անվտանգության առումով. «ՀՆԱ-ն 8 տոկոսով կրճատվել է, պետական պարտքը 10 տոկոսով աճել, կրկնակիից ավելի նվազել են ներդրումները եւ այլն։ Թուրքիայի հետ, որի հետ ընդհանրապես որեւիցե հարաբերություն չունենք, 164 մլն դոլար է ապրանքաշրջանառությունը` 30-40 տոկոսով գերազանցելով Ղազախստանի ցուցանիշը։ Հաճախ, նաեւ արհամարհանքի դրսեւորումներ ու շատ ցինիկ միջամտություններ ենք նկատում ԵՏՄ մեր որոշ գործընկերների կողմից՝ ՀՀ ներքին գործերին։ Այն մտավախությունները, որ ՀՀ ինքնիշխանության նկատմամբ սպառնալիքներն ավելի են թանձրացել, իրականություն են դառնում»: Նա հիշեցրեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի գրքերից մեկը, որտեղ նա գրել է, թե ԵՏՄ անդամակցությունը կարող է կասեցնել նոր պատերազմը: «Ի դեպ, մեր` միջազգային բոլոր պատվիրակությունների անդամները ունեն այդ գրքերից։ Դրանք բաժանվում էին անգամ միջազգային մեր գործընկերներին։ Ուզում եմ հիշեցնել, որ վերջին պատերազմի ժամանակ ԵՏՄ մեր որոշ գործընկերներ թշնամական քայլեր ձեռնարկեցին։ Բելառուսն ու Ղազախստանը ավելի սերտ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, իսկ ՌԴ դեպքում պետք է խորը վերլուծել` ում ռազմավարական գործընկերն է իրականում։ Սերժ Սարգսյանը Սփյուռքում, երբ խոսում էր ԵՏՄ մեր անդամակցության եւ այդ առումով հանրային քննարկումների բացակայությանը, նշել էր, թե մի գիշերվա մեջ ինչպես քննարկեին։ Հիմա ճիշտ պահն է, երբ պետք է այդ գիշերվա իրավիճակին վերադառնալ ու լույս սփռել։ Պետք է լինի լրջագույն բանավեճ»։ «Ձեր ժամանակը սպառվում է»,- անմիջապես հիշեցրեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։ Այդ պահին Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ դահլիճում է նաեւ Արտաշես Գեղամյանը. «Վայ, դուք այստե՞ղ էիք, պարոն Գեղամյան։ Ես ունեմ այդ գրքից, պարոն Մարուքյանը չունի, կունենա շուտով»: Արտաշես Գեղամյանն իր հերթին նշեց, թե միջազգային շատ գործընկերները եկել, իրենից շնորհակալություն էին հայտնում այդ գրքի համար. «Պարոն Փաշինյան, դուք տեղյա՞կ եք Ուկրաինայի տնտեսությունը ինչպիսի խայտառակ վիճակում է»։ «Ուկրաինայի հետ մեր ապրանքաշրջանառությունը 109 մլն դոլար է եղել, այսինքն` ավելի, քան Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը միասին վերցրած։ Անդրադառնալով ձեր հոդվածի թեմատիկայի` ասեմ, որ ձեր պնդումը չի արդարացվում. մենք, ԵՏՄ մտնելով, չխուսափեցինք պատերազմից, ավելին` հիմքեր կան մտածելու, որ այդ պատերազմը համաձայնեցվել է ԵՏՄ մեր դաշնակիցների հետ։ Նույնը վերաբերում է ՌԴ-ին։ Ադրբեջանին ՌԴ կողմից զենքի վաճառքի մասին ենք բարձրաձայնում, ասում են` բալանս ենք պահում տարածաշրջանում»,-նկատեց Նիկոլ Փաշինյանը։ «Նման հաձայնեցումները, եթե ձեր կարծիքով եղել են, կհանգեցնեին նրան, որ հայկական զորքերը կհայտնվեն Արաքսի ափին։ Նաեւ շնորհակալ եմ, որ գրքիս վերնագրին գոնե ծանոթացել եք»,-նեղսրտած արձագանքեց Արտաշես Գեղամյանը` հերթով թվարկելով այն կայքերը, որտեղ կարող է Նիկոլ Փաշինյանը կարող է կարդալ իր գրքերը։ «Այդ գրքերը այնքան եք պատմում, որ հետագայում կարդալու անհրաժեշտություն այլեւս չի լինում»,-կատակեց Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով. «Այնպես եք ասում, կարծես միայն Թուրքիայից բերված զենքերով են մեզ վրա կրակում»։ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Արարատ Զուրաբյանը, հարց ուղղելով Նիկոլ Փաշինյանին, նկատեց, որ Ելքի առաջարկը քաղաքական պրոցես է, որ հետեւանքներ է ունենալու. «Կուզեմ անդրադառնաք նաեւ ԱՊՀ, ՀԱՊԿ դուրս գալուն, քանի որ շղթայական ռեակցիա է լինելու։ Դա եւս պե՞տք է անենք»: Նիկոլ Փաշինյանը վկայակոչեց ՀՀ ԱՎԾ հաշվետվությունները, որտեղ նշված է միայն ԱՊՀ. «Երեւի մեր ԱՎԾ-ն չգիտի ԵՏՄ գոյության մասին։ Մեր անվտանգությունը ոչ միայն մեզնից դուրս, այլեւ ներսում պետք է փնտրենք։ Ի դեպ, 9 ամսվա տվյալներով 40 տոկոսով ռազմական անվտանգության կատարումը թերակատարվել է»։ Արարատ Զուրաբյանն արձագանքեց. «ՌԴ-ն բավականին տարօրինակ պետություն է` ժամանակ առ ժամանակ կալցո օպերացիա է անցկացնում` մեկ այս, մեկ մյուս կողմին է պաշտպանում։ Դա բնական է, իրենց շահերից է բխում։ Սա սովորական քաղաքական իրավիճակ չէ, սրան պետք է զգուշավոր անդրադառնալ։ Գանք կոնսենսուսի»: