Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միս Հայաստանը» դատի է տվել գեղեցկուհի Գոհար Հարությունյանին (տեսանյութ)

Հասարակություն
miss-1

«Միս Հայաստան» գործակալությունը դիմել է դատարան՝ օրերս Հայաստանում անցկացված գեղեցկության մրցույթին, մասնավորապես՝ կազմակերպիչ, նախկին Միս Հայաստան Գոհար Հարությունյանի գործողություններին քրեաիրավական գնահատական տալու համար։ Այսօր գործակալության փաստաբան Հարություն Հարությունյանը տեղեկացրեց, որ մրցույթի կազմակերպման մասին իմանալով՝ նամակներ են ուղղել բոլոր գերատեսչություններին. «Ստացել ենք պատասխան, որ անկախ ամեն ինչից, մրցույթն իրականանալու է։ Հոկտեմբերի վերջին է նշանակված դատական նիստը։ Ակնկալվում է մտավոր սեփականության օբյեկտների հետ կապված հնարավոր վնասի փոխհատուցում, նաեւ` առնվազն մինչեւ 2026թ. «Միսս Հայաստան» անվանումը կարող է օգտագործել միայն գործակալությունը»։  Ի դեպ, բանախոսների խոսքով` անցկացված այս մրցույթի հաղթողը չի կարող համարվել «Միս Հայաստան» ու մասնակցել «Միս աշխարհ» մրցույթին։ «Միս Հայաստան» գործակալության նախագահ Կարեն Արիստակեսյանն անդրադարձավ գեղեցկուհիների ընտրությանը. «Գեղեցկությունը մասնագիտություն չէ, մինչդեռ մանեկենությունը` այո, մեկից մյուսը մեկ քայլ է։ Մրցույթին կարող էին մասնակցել 170 սմ սկսած հասակ ունեցող աղջիկները, այլ ոչ թե 165 սմ սկսած, ինչպես եղավ անցկացված մրցույթին։ Ես չեմ իջնի, քննարկի կամ քննադատի անցկացված մրցույթի մակարդակը։ Միայն ասեմ, որ կարեւոր է բնական գեղեցկությունը, լողազգեստները պետք է միագույն, միատոն լինեն, կոշիկը պետք է լինի 7 սմ, քանի որ դա կույս թիվ է` այլ բաների հետ չկապեք։ Այս չափորոշիչները ես չեմ հնարել, սա տարիներ առաջ նորաձեւության տներն են հորինել, այս դեպքում եւ զգեստը, եւ քայլվածքը գեղեցիկ են դառնում։ ՀՀ-ում չկան նորաձեւության ու նրբագեղության դպրոցներ, որտեղ կսովորեցնեն բարձրակրունկ կոշիկների վրա քայլել։ Սա մենք զգուշացրինք, որ օրենքը չխախտեն, մենք պատրաստ էինք անգամ լիցենզիա տալ»: Պարոն Արիստակեսյանը չբացառեց, որ այս տարի միգուցե հայտարարություն արվի, հավաք արվի` հաջորդ տարի իրենց կողմից մրցույթ անցկացնելու մասին. «Մեր ժամանակ 1000-1200 մարդուց էինք ընտրություն անում, հիմա սերունդը փոխվել է, ավելի գեղեցկացել»։