Բռնությունների պատասխանատուն Կատալոնիայի ղեկավարությունն է․ Իսպանիայի ՆԳ նախարար
Կատալոնիայի անկախության հանրաքվեին մասնակցած Բարսելոնայի քաղաքապետը կոչ է անում Իսպանիայի կենտրոնական իշխանությանը Կատալոնիայում ոստիկանական նոր ուժեր չկենտրոնացնել։ Բանն այն է, որ կատալոնական ոստիկանությունը չի կատարել իշխանության հրահանգը, այն է՝ թույլ չտալ ընտրատեղամասերում քվեարկության անցկացում։ Դրանից հետո Իսպանիայի իշխանությունն ստիպված է եղել երկրի այլ շրջաններից Կատալոնիա բերել լրացուցիչ ոստիկանական ուժեր։ Բարսելոնայի քաղաքապետը մասնավորապես նշել է․ «Նորմալ է, երբ քաղաքացիներն ունեն տարբեր կարծիքներ։ Կատալոնիայի փողոցներում պետք է հանգստություն տիրի։ Իսպանական իշխանությունը հսկայական ուժեր է կենտրոնացրել Կատալոնիայում։ Կողմերը պետք է հանգստություն պահպանեն»։ Իսպանիայի Ներքին գործերի նախարար Սորայա Սաենս դե Սանտամարիան քիչ առաջ հանդես եկավ մամուլի ասուլիսով, նշելով հետևյալը․ «Ռեֆերենդում տեղի չի ունեցել, այն ինչ տեղի է ունենում, նույնիսկ նման չէ ռեֆերենդումի, և իմաստ չունի շարունակել։ Ես կոչ եմ անում Կատալոնիայի իշխանությանը վերջ դնել այս պրոցեին, որը ոչ օրինական է։ Սա անիմաստ գործընթաց է, ինչը որևէ լավ բանի չի տանի։ Մենք այժմ 100-ամյա լավ հարաբերությունների և կայունության ավարտին ենք ականատես լինում։ Իսպանիայում կա ուժեղ ժողովրդավարություն, միասնական պետություն, և մարդու իրավունքներն ու ազատությունները պաշտպանված են։ Այն, ինչ տեղի է ունենում, ժողովրդավարության պաշտպանություն է։ Հավատացած եղեք, որ իշխանությունը պաշտպանում է մարդու իրավունքներն ու ազատությունները»,- ասել է ուժային կառույցի իսպանացի պաշտոնյան։ Սորայա Սաենս դե Սանտամարիան անդրադարձել է հանգամանքին, որ ոստիկանության գործողությւոններից կան բազմաթիվ տուժած քաղաքացիներ։ Տեղի ունեցածի պատասխանատու նա համարում է Կատալոնիայի առաջնորդ Կառլես Պուչդեմոնին․ «Առաջին իսկ րոպեներից նա անպատասխանատու է գտնվել Կատալոնիայի բնակչության նկատմամբ, և իրավիճակի այլ պատասխանատու պետք չէ փնտրել։ Կարող է խոսք գնալ միայն ազգային անվտանգության ապահովման մասին։ Պուչդեմոնը երբեք չի իմացել, թե ինչ է ժողովրդավարությունը, և նա կարծում է, թե իր ամբիցիաներն ինչ-որ բան կփոխեն Կատալոնիայում։ Եթե մարդիկ կարծում են, որ դեմոկրատիան տեղի ունեցողն է, ուրեմն այլևս ես պատասխանատու չեմ իրավիճակի համար։ Օրենքն այն է, ինչ որոշում է Պառլամենտը, ոչ թե այն, ինչ որոշում է Կատալոնիայի ղեկավարությունը»։ Չնայած իսպանական իշխանության կոչերին՝ դադարեցնել հանրաքվեն, Կատալոնիայում այս պահին էլ ընթանում է քվեարկությունը։ Իշխանությունը մեծաթիվ ոստիկանական ուժեր է կենտրոնացրել Իսպանիայից անկախանալ ցանկացող երկրամասում։ Արգելափակվել է Կատալոնիայի իշխանության հսկողության ներքո գործող հեռուստաընկերության աշխատանքը, դադարեցված է տեղեկան ռադիոկայանների աշխատանքը, չի գործում նաև համացանցը։ Կատալոնացիներն իրար տեղեկություններ փոխանցում են թերթիկների միջոցով։