Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պահանջ` վերադարձնել հայերին իրենց քաղաքական իրավունքները»

Քաղաքականություն
erkir-tsirani

«Երկիր Ծիրանի» կուսակցության ծրագրային դրույթները՝ հայերի քաղաքական իրավունքների վերականգնման վերաբերյալ 1990-ականներին սկիզբ առած հայոց պետականության քաղաքական անկախության գործընթացը կարողացավ պետականության քարտեզ ձևավորել մեր պատմական հայրենքի շուրջ 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա` ներկայիս Հայաստանի և Արցախի հանրապետությունների տարածքում: Սակայն, միևնույն ժամանակ, այս գործընթացը չկարողացավ լուծել հայ ազգի համար իր պետականության և քաղաքական իրավունքների նկատմամբ մանդատի վերականգնման կարևոր բաղադրիչ հանդիսացող` հայ ազգի բոլոր հատվածների ներկայացուցիչների կողմից հայոց պետականությունում հանրային իշխանություն` խորհրդարան, կառավարություն և նախագահություն ձևավորելու հարցը: Ի սկզբանե, դավադրաբար հենց անկախության առաջին տարիներին հայերին արգելեցին ունենալ բազմաքաղաքացիություն, իսկ արցախահայությանը զերծ պահեցին ազգային քաղաքականություն իրականացնելու ուղղակի հնարավորությունից: 2005 թվականին բազմաքաղաքացիություն ունենալու արգելքը հանելուց  հետո  մտցվեց նոր արգելք. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ապրող կամ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ըստ էության արգելվեց ընտրել և ընտրվել: Ցավալի է, բայց Հայոց Մեծ եղեռնից հետո առաջացած հայկական սփյուռքը 1990-ականներից սկսած համալրվում է նոր սփյուռքով, որի մեծամասնությունը Հայաստանի Հանրապետությունից գաղթած քաղաքացիներ են: Այսօրվա դրությամբ հայ ազգի կարևոր հատվածների ներկայացուցիչները` արցախահայությունը, ջավախահայությունը և սփյուռքահայությունը, որոնց թվաքանակը մի քանի անգամ գերազանցում է Հայաստանի Հանրապետությունում ապրողների քանակը` արհեստականորեն դուրս են մնացել Հայաստանի քաղաքական կյանքից: Ներկայիս Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացիները քաղաքական ընտրություն կատարելու ժամանակ չափազանց խոցելի են` նրանց գերակշիռ մասը գտնվում է աղքատության մեջ, մի մասը   պետական ծառայության մեջ և կա մի հատված, որն աշխատում է օլիգարխներին պատկանող ձեռնարկություններում: Ավտորիտար համակարգը և խոցելի հասարակությունը, հայոց պետականությունում ապրող մնացած ազատ հատվածին գրեթե չեն թողնում ընտրության հնարավորություն` ազատվելու ավտորիտարիզմից և հիմնադրելու նոր ժողովրդավարական համակարգ: Մենք գտնում ենք, որ բռնակալությունը ջախջախելու և ազգային, ժողովրդավար համակարգ ներդնելու համար անհրաժեշտ են հետևյալ մեկնարկային կետերը, որն առաջարկում է մեր ծրագիրը. Աշխարհասփյուռ հայությունը ընտրական իրավունքի իրացման միջոցով մասնակցում է Հայկական պետականության քաղաքական կյանքին (ընտրվելու և ընտրելու իրավունքը պատկանում է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու` անկախ նրանից, թե որտեղ է նա գտնվում կամ բնակվում:  Արցախի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ հավասարապես օգտվում են Հայաստանի գործադիր և օրենսդիր իշխանություն ընտրելու և այս մարմիններում  ընտրվելու  իրավունքից:  Արտասահմանում բնակվող` երկրների, քաղաքների և տարածաշրջանների յուրաքանչյուր 100 հազար Հայաստանի Հանրապետության քաղաքացի պետք է ունենա իր պատգամավորը հայոց խորհրդարանում:  Ընտրական տեղամասերի առկայությունը պետք է ապահովված լինի արտասահմանում ապրող կամ  ժամանակավոր  գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար:  Հայկական ներկայիս պետականության ամբողջ տարածքը` շուրջ 42 հազար քառակուսի կիլոմետր, պետք է լինի մեկ ընտրական տարածք:  Հայաստանի Հանրապետության Խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան պարզ համամասնական ընտրական կարգով: Ընտրություններում կուսակցության նվազագույն անցողիկ շեմը պետք է սահմանվի 2,5 %: Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունը պետք է տեղի ունենա ուղղակի ընտրության միջոցով:  21-րդ դարում Հայաստանի նորովի արդիականացումը և հայերի մրցունակությունը միանշանակ պահանջում է քաղաքական իրավունքերի վերականգնում: Հետևաբար, առանց հայ ազգի բոլոր հատվածների քաղաքական իրավունքների վերականգնման` չենք կարող ունենալ ազատ, անկախ և միացյալ պետականություն: Ուրեմն պարտավոր ենք պահանջել` վերադարձնել հայերին իրենց քաղաքական իրավունքները: