«Մարկովները զրո կոպեկի արժեք չունեն» (տեսանյութ)
Նոյեմբերի 24-ին Բրյուսելում ԵՄ հետ համաձայնագրի ստորագրումից մեկ շաբաթ անց ՀՀ ԱԺ-ն կանցկացնի լսումներ: ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այն կանցկացնի Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի հետ համատեղ: Լսումներին կհրավիրեն ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն, ԵՄ անդամ երկրների դեսպաններին, ՀԿ-ների, փորձագետների: «Ելնում ենք այն հանգամանքից, որ նոյեմբերի 24-ին այդ համաձայնագիրը ստորագրվելու է: Եթե հանկարծ որեւէ այլ բան իրավական տեսանկյունից խնդիր չէ անվավեր ճանաչելու մեր այս որոշումը, քաղաքական տեսանկյունից կարծում եմ, որ նման հետադարձ որոշման կարիք չի լինի, չեղարկման որոշման կարիք չի լինի»,- հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: ՀՀԿ պատգամավոր Արտաշես Գեղամյանը դիտողություն ուներ: Նրան չէր բավարարում քննարկումների այս ընթացքը, քանի որ որեւէ կերպ չշեշտվեց մեր՝ ԵՏՄ անդամակցության հանգամանքը: Նա կոչ է անում լինել շրջահայաց եւ ավելացնել հետեւյալ ձեւակերպումը՝ նոր հեռանկարներ՝ ԵՏՄ-ի եւ ԵՄ-ի համագործակցության ոլորտում. «Որովհետեւ սա կարդացողը կասի մեր երկիրը ընդհանրապես ոչ մի միջազգային տնտեսական կառույցում ներգրաված չի: Խանդ չառաջացնի՝ մեկ, չուզողներին, Ադրբեջանի մեծ բարեկամների մոտ հեգնանքի առարկա չդառնա: Ձեւը գտնենք: Ես հիմա պատրաստ չեմ կոնկրետ ձեւակերպում տալ, բայց ինչ-որ հիշատակում պարտադիր պետք է»: Արմեն Աշոտյանը չհամաձայնեց նրա հետ՝ նշելով, որ խորհրդարանական այս լսումների վերնագիրը գրեթե բառացիորեն կրկնում է այն համաձայնագիրը, որը մշակվել է եւ նախաստորագրվել. «Դուք լավ գիտեք, հայկական կողմն իր տնտեսական գործունեության պարտավորությունների եւ իրավունքների շրջանակը սինխրոնիզացրել է բացառապես ԵՏՄ անդամ լինելու իր կարգավիճակի հետ: Նման հակադրություններ այլեւս գոյություն չունեն»: Հանձնաժողովը միաձայն կողմ քվեարկեց լսումներ անցկացնելու հարցին: Բացի այդ, Արտաշես Գեղամյանը, վկայակոչելով Սերժ Սարգսյանի խոսքերը, իր վրդովմունքը հայտնեց ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկովի այն մտքի հետ կապված, թե Դրաստամատ Կանայանն ու Գարեգին Նժդեհը ահաբեկիչներ են, ֆաշիստների հանցակից. «Սերժ Սարգսյանն իր վրդովմունքը մի կողմից, իր տարակուսանքը մյուս կողմից հայտնեց առ այն, որ ոմն Սերգեյ Մարկով իրեն իրավունք է վերապահում նույնացնել այստեղ վարվող քաղաքականությունը ֆաշիզմի աջակցության: Նա ասաց՝ մեզ համար Մարկովները զրո կոպեկի արժեք էլ չունեն, սակայն իրենց այդ ցնորքն ու հակառուսաստանյան, հայ-ռուսական բարեկամությանը դաշույնով հարվածը տպագրում են «Պառլամենտսկայա գազետա» պաշտոնաթերթում»: ՌԴ Պետդումայի պատգամավորների, Հանրային պալատի անդամների, իրավաբանների եւ վերլուծաբանների մասնակցությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը մտադիր է հետխորհրդային տարածքի երկրներում ֆաշիզմի հերոսացման դրվագների հետ կապված դիմել ՄԱԿ-ի Միջազգային դատարանին: «Մենք պետք է կանգնեցնենք ֆաշիզմը» հանրագրի ներքո արդեն ստորագրել է ավելի քան 200 000 մարդ: