Առաջարկվում է հրապարակել պաշտոնյաների ու օլիգարխների տղաների անունները (տեսանյութ)
Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծին բացասական չի վերաբերվում: Ավելին՝ նրան հետաքրքրում է՝ արդյո՞ք բոլորը ուշադիր կարդացել են օրենքի նախագիծը. «Եթե 96-97-ին, երբ նույն շարժումը կար, այն ժամանակ օրենքն անցներ, այսօր ավելորդ ժամանակ չէինք կորցնի սրա վրա: Յուրաքանչյուր տղա պետք է ծառայի, հետո իր կյանքի ընթացքը որոշի: Ասում են՝ այս օրենքով գիտությունը կտուժի, ժողովո՛ւրդ, մինչեւ հիմա տարկետումը կար, բայց գիտություն չկա: Դե ասեք, ինչո՞ւ գիտությունը չի զարգանում, որովհետեւ դա կախված չէ նրանից, թե տղան դպրոցից հետո ծառայում է, հետո՞ է սովորում, թե՞ սովորում է, հետո է ծառայում»: Կոռուպցիոն դրսևորումներից ու սուբյեկտիվ վերաբերմունքից խուսափելու համար Անահիտ Բախշյանն առաջարկում է հրապարակել պաշտոնյաների ու օլիգարխների տղաների անունները, ինքը պատրաստ է գնալ ու ստուգել։ Այնպես չստացվի, որ բոլորը «հիվանդոտ» դուրս գան։ Ըստ ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանի՝ սա ընդամենը նորանշանակ ՊՆ նախարարի նախաձեռնությունն է, փորձում է բանակի հետ կապված ինչ-որ բանով աչքի ընկնել: Նա իրեն քաղաքական գործիչ էր համարում, բայց իմ կարծիքով, սա իր՝ որպես քաղաքական գործչի, առաջին սխալն էր»: Ալեն Սիմոնյանի խոսքով, Վիգեն Սարգսյանն իր կարիերայի ողջ ընթացքում եղել է կատարող. «Նա որեւէ անհատական գործունեությամբ չի զբաղվել, սրանք իր առաջին, երկու-երեք քայլերն են, որ իր նախաձեռնությամբ է արվել, բայց անհաջող փորձեր են»։ Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի կարծիքով՝ կրթությանը հերթական հարվածն է հասցվելու. «Ապրիլի 2-ի ընտրություններով հասարակությունը ջախջախվեց, իշխանությունն ավելի ինքնավստահ է, ինչ ուզում՝ անում է»։ Հիշեցնենք, այսօր Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը։ Ավելին՝ տեսանյութով