«Հայերը ՌԴ-ից գումար են ուղարկում, որ այստեղ վճարեն ռուսական գազի բարձր վարձերը». Հովհաննես Իգիթյան (տեսանյութ)
Քաղաքագետ Հովհաննես Իգիթյանն այն կարծիքին է, որ ՀՀ քաղաքացիները վճարում են շատ բարձր գին Ռուսաստանի մատուցած «ծառայությունների դիմաց»: «Մենք տրանսֆերների մասին ենք խոսում 1.2 մլրդ, բայց դրա մոտավորապես 2/3-ը գնում է այդ նույն Ռուսաստանի կողմից իշխող կազմակերպությունների ուռճացրած գների սպասարկմանը: Այսինքն՝ Ռուսաստանում աշխատում են, գումարն ուղարկում են, որ այստեղ ռուսական ընկերությունների և ռուսական գազի, էլեկտրաէներգիայի բարձր գինը վճարեն: Իմաստը ո՞րն է»,- այսօր մամլո ասուլիսի ժամանակ հարցադրում արեց նա: «Հայաստանի և Եվրամիության համաձայնագիրը անսպառ հնարավորություններ է տալիս, բայց տնտեսական, քաղաքական, մտավոր թիմը, որ կա, և իրականում այդ թիմը չկա Սերժ Սարգսյանի շուրջը, եթե մարդիկ լինեին թիմի մեջ, որոնք խոսում են, այս կամ այն ձևով կարողանում են ներկայացնել միտք, նույնիսկ այդ մարդիկ չէին կարողանալու իրականացնել Եվրամիության հետ կապված հնարավորությունները»,-նկատեց քաղաքագետը: «Ա1+»-ի հարցին՝ ինչպիսին է Ռուսաստանի արձագանքը Հայաստան-ԵՄ համաձայնագրի կնքումից հետո, պատասխանեց, որ լրատվամիջոցներով բացասական ալիք է սկսվել և դա բնական է: Բայց այդ բացասական ալիքը միշտ էլ եղել է: «Իրենց խնդիրն է, ինչ ուզում են, թող անեն», ասաց նա: Պաշտոնական առումով եղել է Զախարովայի մակարդակով: Թե ինչ տնտեսական և քաղաքական հետևանքներ կունենա Հայաստանի համար ԵՏՄ-ից դուրս գալը, քաղաքագետն այսպես արձագանքեց. «Դուրս են գալիս մի տեղից, որտեղ մտել են»: ՀՀ իշխանավորները, եթե ցանկանային, ԵՏՄ-ից նույնպես կկարողանային ինչ-ինչ օգուտներ քաղել: Իսկ թե վերջին գործընթացները ինչ ազդեցություն կունենան ռուսահայ համայնքի վրա, պատասխանեց՝ բնականաբար բացասական. «Եթե Ֆրանսիայում հայերի մասին կարծիք է ձևավորում, օրինակ, Շարլ Ազնավուրը, ապա Ռուսաստանում կարծիք ձևավորում են բացասական կերպարները»: Ըստ բանախոսի՝ ցանկացած պարագայում պետությունը պետք է լծակներ ստեղծի, որպեսզի բացասական կամ ճնշող միջավայրում ապրող իր քաղաքացիներին կարողանա հետ ընդունել: