«Կարծես՝ այս կյանքով չապրող մարդկանց կողմից կազմված բյուջե լինի»
ԱԺ-ում այսօր 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն իր ելույթում անդրադարձավ պատգամավորների կողմից ներկայացրած առաջարկություններին. «Մեր երկրի սիրտը դա մարզերն ու գյուղերն են: Մեր պայմանավորվածության համաձայն՝ վստահ եմ, որ գոնե միջնաժամկետ ծրագրերում դրանք նկատի կունենան: Ժողովրդի զարգացման համար աթոռը չէ, որ հիմք պետք է հանդիսանա. Եթ կա ցանկություն, ապա մենք կարող ենք ներդրումներ գտնել, անել ու վերահսկողություն իրականացնել: ՀՀԿ-ն չի շտապում գնահատականներ տալ կատարված աշխատանքի համար, այլ միայն դրված հիմքերի համար, իսկ Կառավարությունը բավականին լավ հեռանկարներ է ներկայացրել: Այսօրվա Կառավարությունը պահի խնդիր չի լուծում: Բյուջեն միտված է ապագային: Այսօրվա բյուջեն մենք համարում ենք կայունացման ու իրատեսական՝ ոչ մի ուռճացված թիվ չկա, ու թիմային աշխատանքի դեպքում կհասնենք այն նպատակին, ինչը դրված է բյուջեի հիմքում»: ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանն իր ելույթում նշեց, որ առողջապահությունն այն ոլորտն է, որը զգուշավորություն է պահանջում. «Ինչ վերաբերում է սոցիալական ոլորտին, ապա աղքատությունը նախորդ տարվա համեմատ արդեն կրճատվել է 0,4 տոկոսով: Եթե մենք հիմա աշխատավարձերը բարձրացնենք, ապա կրճատումներ պետք է անենք պաշտպանության, կրթության ծախսերից, իսկ ես վստահ եմ, որ այստեղ նստածներից ոչ մեկը դրան համաձայն չի լինի: Հետեւաբար, աղքատության դեմ պայքարը մենք պետք է տեղափոխենք ոչ թե գումարների դաշտ, այլ տնտեսությունը զարգացնելու դաշտ»: Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ,«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդեւան Գրիգորյանն իր ելույթում նշեց, որ բյուջեի քննարկման ընթացքում չտեսավ մի դեպք, երբ պատգամավորն ու զեկուցողը գան ընդհանուր հայտարարի. «Մենք արդյունավետ երկխոսություն չունեցանք: Այնպիւսի տպավորություն է, որ բյուջեն կազմողները կտրված են բնակչության կենսամակարդակի իրական գնահատականից, կարծես՝ այս կյանքով չապրող մարդկանց կողմից կազմված բյուջե լինի»: