Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո ամեն ինչ հնարավոր է
Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր կմեկնի Վիեննա՝ մասնակցելու դեկտեմբերի 7-ից 8-ը կայանալիք Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության մասնակից պետությունների արտգործնախարարների 24-րդ նիստին: Մինչ այդ, այսօր Էդվարդ Նալբանդյանը հանդիպում կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, այսօր կհանդիպեն նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները: Քաղաքագետ Էդգար Վարդանյանը դժվարանում է վերլուծություններ անել, թե հանդիպումից հետո ինչ կփոխվի Արցախի հարցում: Ըստ նրա՝ շատ անհայտներ կան եւ բանակցություններն ըստ էության գաղտնի են. «Շատ քիչ բան է ասվում հանրությանը, ժամանակ առ ժամանակ լինում են կցկտուր հայտարարություններ՝ Մինսկի խմբի եւ արտաքին գործերի նախարարների կողմից, բայց այդ ինֆորմացիան բավարար չէ խորքային վերլուծություններ իրականացնելու համար եւ իրավիճակը այնպիսին է, որ ամեն ինչ հնարավոր է»: Նա հնարավոր է համարում, որ կրկին փակուղի լինի եւ կողմերն էլ նշեն՝ այդ պայմաններում հնարավոր չէ ինչ-որ բան փոխել: «Սովորաբար կողմերը մեկը մյուսին մեղադրում են եւ հիմա էլ հնարավոր է նման բան: Դեստրուկտիվ քաղաքականություն են վարում եւ այդ պայմաններում բանակցություններն անհնարին է, մինչեւ դեստրուկտիվ քաղաքականությունը չդադարի, բանակցությունները չեն վերսկսվի»,- ասում է Էդգար Վարդանյանը: Քաղաքագետը նաեւ չի բացառում՝ հնարավոր է նաեւ մի հայտարարություն, որ կողմերը որոշակի առաջխաղացում են արձանագրել՝ որոշ հարցեր քննարկված են, բայց միեւնույն ժամանակ մնում են որոշակի խնդրահարույց հարցեր, այդ հարցերի վերաբերյալ հետագայում եւս պետք է փորձեն բանակցել: