Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայաստանի դիմագիծը պիտի լինի առաքինությունը». այսօր Մուշեղ Գալշոյանի ծննդյան օրն է (տեսանյութ)

Մշակույթ
galshoyan_portrait

...Շիտակից շիտակ էր, և շիտակությունն էր նրա Աստվածը։ Դեկտեմբերի 13-ը լրագրող, հրապարակախոս, արձակագիր Մուշեղ Գալշոյանի ծննդյան օրն է։  Մուշեղ Հովեի Մանուկյանը ծնվել է 1933թ. Մեհրիբան (այժմ՝Կաթնաղբյուր, Արագածոտնի մարզ) գյուղում։ Հետագայում գրական անուն է դարձրել տոհմական Գալշոյան ազգանունը։ Նրա ծնողները սասունցի փախստականներ էին, որոնք Արևելյան Հայաստան հասնելով՝ բնակության վայր ընտրեցին Թալինը։  Սովորել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում, աշխատել մասնագիտությամբ, ապա դարձել լրագրող։ «Ավանգարդ» թերթում և «Գարուն» ամսագրում աշխատած տարիներին, լրագրական հոդվածներին զուգընթաց, գրեց իր առաջին վիպակը՝ «Ձորի Միրոն» է, որը նրան մեծ ճանաչում բերեց։ ՀԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր է դարձել 1981 թ., հետմահու, «Մարութա սարի ամպերը» ժողովածուի համար։  Մուշեղ Գալշոյանը մահացավ 1980 թվականին, Կաթնաղբյուր գյուղում, հրացանի պատահական կրակոցից, հայրենի դաշտում։ Այդ կրակոցը շատ նման էր այն կրակոցին, որից սպանվեց իր հերոսներից մեկը՝ հովիվ Առաքելը։ Բանաստեղծ Ղուկաս Սիրունյանը նրա մասին գրել է. «...Շիտակից շիտակ էր, և շիտակությունն էր նրա Աստվածը: Մարդկային բնավորության այս հատկանիշը դարձավ նաև նրա ստեղծագործությունների հատկանիշը: Այլ կերպ ասած` նա և իր երկերը երկվորյակ եղբայրներ էին։ Մուշեղ Գալշոյանը մեզ հասկացրեց, որ պարտվածների կռիվը ավարտված չէ: Նրանք իրենց վարքով ու տեսիլքով վերակերտում են Հայաստանը, սակայն ուրիշ Հայաստան, ո՛չ այն, որ կոչվում էր Սովետական, այլ ուրիշ, այն, որ պիտի դեռ գա, որ պիտի իր կռիվը տա ու իր հաղթանակը շահի, այն Հայաստանը, որի դիմագիծը պիտի կազմի առաքինությունը»։ Այսօր Մուշեղ Գալշոյանի ծննդավայրում գործում է նրա տուն թանգարանը։ Ստորև ներկայացվող վավերագրական ֆիլմը յուրօրինակ մոտեցում է Մուշեղ Գալշոյան գրող-արձակագրին: Գրողն այս ֆիլմում ներկայանում է հիմնականում իր իսկ գրած ակնարկների միջոցով, ակնարկներ, որոնք մինչև օրս էլ խիստ արդիական են: Դրանք գրողական մտքի մտահոգության, հային հայեցի պահպանելու ուրույն գրողական դրսևորումներ են, լի վաղվա օրվա նկատմամբ մեծագույն պատասխանատվությամբ: Վավերագրական ֆիլմի սցենարիստներն են՝ արձակագրի դուստրը՝ Սիրանույշ Գալշոյանն ու Տարոն Ղափլանյանը, որ նաև ֆիլմի ռեժիսորն է: