Արամ Սարգսյանը կրկին կոչ արեց ընդունել օրենքը
ԱԺ արտահերթ նիստին այսօր 2-րդ ընթերցմամբ քննարկվեց նաեւ «Բյուջետային համակարգի մասին» եւ կից ներկայացված օրենքների փաթեթը: Այն ներկայացրեց Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը: Առաջարկներ էին ներկայացրել ՀՀԿ մի խումբ պատգամավորներ, այդ թվում՝ Գալուստ Սահակյանը, Կարինե Աճեմյանը, Ռաֆիկ Գրիգորյանը, Գագիկ Մինասյանը: Նրանք հրաժարվեցին փոխնախարարից հավելյալ պարզաբանումներ ստանալուց՝ նշելով, որ իրենց հարցադրումներն ընդամենը գանձապետական համակարգի մասին տեխնիկական ճշգրտումներ էին: «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի փոփոխությունների՝ 2-րդ ընթերցմամբ քննարկմանը Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը նշեց, որ առաջինից 2-րդ ընթերցում ընկած ժամանակահատվածում որեւէ փոփոխություն չի արվել ու որեւէ պատգամավորից առաջարկ չեն ստացել: Հարակից զեկուցող Ելք խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն իր ելույթում նշեց, որ օրենքը միտված է ԲԲԸ գործունեությունը թափանցիկ դարձնելու ու փոքր բաժնեմաս ունեցող անհատների ազդեցությունն այդ ընկերություններում ավելի մեծացնելուն. «Առաջարկում ենք 2-րդ ընթերցմամբ օրենքն ընդունել»: Մտքերի փոխանակման համար հերթական անգամ հերթագրվել էր ՀՀԿ պատգամավոր Սեդրակ Սարոյանը, որը, ինչպես միշտ, հրաժարվեց ելույթից: Քննարկվող վերջին նախագիծը «ՀՀ քաղացիական օրենսգրքում» փոփոխություններն էին: Այն ԱԺ-ում ներկայացրեց Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը՝ նշելով, որ այս նախագիծը միտված է համաչափ հարաբերություններ մտցնել քաղաքացիաիրավական կարգավորումներում եւ սահմանափակել տույժերի, տուգանքների առավելագույն սահմաններ. «Թեեւ նախագիծը առաջինից 2-րդ ընթերցում կարճ ժամանակ է անցել, սակայն հասցրել ենք փոփոխություններ կատարել նախագծում՝ ՀՅԴ առաջարկության հիման վրա, որով մի փոքր բարելավում ենք պարտապանների վիճակը: Խոսքը այն մասին է, որ այսօր, եթե պարտապանը խախտեց իր պարտավորությունը, պարտատերը բռնագանձման թուղթ է ուղարկում նրան՝ ասելով, որ գույքը պետք է իրացվի: Օրենքով սահմանված է, որ դրանից հետո պետք է սպասել երկու ամիս եւ հետո միայն ձեռնամուխ լինել գույքի իրացմանը: Դա նշանակում է, որ այդ երկու ամսում լրացուցիչ տույժեր ու տուգանքներ են հաշվառվելու պարտապանի համար: Այնինչ, լինում են դեպքեր, երբ պարտապանն ի սկզբանե համաձայն է, որ իր գույքն իրացվի: Նախագծով հիմա մենք սահմանեցինք՝ եթե այդ երկու ամսվա ընթացքում պարտապանը գրավոր համաձայնություն ներկայացնի պարտատիրոջը՝ գույքի բռնագանձում իրականացնելու, ապա պարտատերը այդ համաձայնությունը պատշաճ ձեւով ստանալուց հետո արդեն պետք է ձեռնամուխ լինի գույքի իրացմանը: Սա էր փոփոխությունների տրամաբանությունը»: Հարցի վերաբերյալ ելույթ ուներ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը: Նա մասնավորապես ասաց, որ գործնականում հանդիպող մեծ բացեր են սրանք, որոնք արդեն շտկվում են. «Կարծում եմ, որ պրակտիկ փորձ ունեցող բոլոր այն անձնավորությունները, որոնք իրենց աշխատանքի ընթացքում տեսել են, հասկանում են, որ դա պարտապանի շահերից բխող ձեռնարկ է, որը ողջունելի է եւ դրա համար ես առաջարկում եմ քվեարկել դրական»: