Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Օրենքը   դառնալու է առավել անհաս­կանալի և  երկիմաստ» (տեսանյութ)

Քաղաքականություն
ashot-meliqyan

Շրջանառության մեջ դրված «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի նախագիծը չի արտացոլում այն իրավիճակը եւ այն խնդիրները, որոնք  առկա են Հայաստանում. «Առաջին հերթին խոսքն այստեղ գնում է նրա մասին, որ 2010 թ –ից լուծում չի գտնված մի շարք տեղական հեռուստաընկերությունների առումով, որոնք այն ժամանակ լիցենզիա չէին ստացել։  Եւ այն, որ անընդհատ հետաձգվում էր անալոգային հեռուստատեսությամբ շարունակելու իրենց գործունեությունը,  խոսում էր այն մասին, որ կարծես պետությունը հակված էր այդ հարցը լուծել ինչ-որ տեղ, չի ուզում,  որ փակվեն այդ հեռուստաընկերությունները, բայց ոչ մի քայլ այդ ուղղությամբ չի արվել»,- ասում է Երեւանի Մամուլի ակումբի նախագահի նախագահ Բորիս Նավասարդյանը: Մինչ օրինագիծը շրջանառության մեջ դնելը՝   համապատասխան մարմինները խոստացել էին լուծում տալ այդ հարցին։ Բորիս Նավասարդյանն արձանագրում է՝  առաջընթաց չկա։  « Դա լրիվ աբսուրդ իրավիճակ է, որը նաեւ իր հետեւանքն ունեցավ նոյեմբերի 5-ի համայնքային ընտրություններում, որոնք շատ կարեւոր էին:  Խոսքը գնում է այն համայնքների մասին, որոնք խոշորացվել էին, մինչեւ 32 համայնք միավորվել էին մեկում: Բայց այն, որ մենք չունեինք նորմալ զարգացած համայնքային եւ մարզային հեռուստաընկերությունների ցանց, բերեց այն իրավիճակին, որ  ընտրողները չկարողացան հասկանալ, թե ովքեր են թեկնածուները, ինչ ծրագրերով են հանդես գալիս»: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահն անդրադառնում է երեկ Արդարադատության նախարարությունում կայացած քննարկմանը։ Ըստ նրա՝ հանդիպումը միջնորդավորված էր։ «Երիտասարդ իրավաբանները, որոնք, որ գրում են այդ օրենքը, կայացած որոշումներին իրավաբանական ձեւակերպումներ են տալիս, նրանց հետ է ստացվել մեր հանդիպումը, նրանց միջոցով էին փորձում մեր առաջարկություններն հասկանալ»,- ավելացնում է Աշոտ Մելիքյանը:  Նա զարմանում է` ինչո՞ւ ոլորտի պատասխանատուները չեն կարող իրենց հետ քննարկել հարցերը, որոնք իսկապես խոչընդոտում են ոլորտի զարգացմանը:  Աշոտ Մելիքյանն առաջարկում է  համատեղ ծրագիր մշակել, որը կհամապատասխանի ժամանակակից պահանջներին:  «Այն լիցենզավորման կարգը,  որ հիմա գործում է,  ուղղակի հնացած է եւ անցած դարից եկած անալոգային հեռարձակման ժամանակահատվածին հարիր ձեւ է, դա հիմնովին պետք է փոխվի, կամ ինչպիսի մասնավոր մուլտիպլեքս պետք է լինի, ինչպես պետք է ձեւավորվի, ինչպիսի ընդգրկվածություն պետք է ունենա: Այդ հարցերը լուրջ քննարկման առարկա պետք է լինեն եւ լուրջ, հավասարակշռված, ճշգրտված քաղաքական որոշումներ պետք է ունենանք»:  Չնայած  նախագծով նախատեսում է շտկել եւ  լրացնել «Հեռուստա­տե­սության և ռադիոյի մա­սին» ՀՀ օ­րենքում առկա անհստակությունները, իրա­վա­կան բացերը և անորոշու­թյունները,   փորձագետների գնահատամբ ՝ օրենքը   դառնալու է առավել անհաս­կանալի և  երկիմաստ: