Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Ճրագալույցի տոնը
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Ճրագալույցի տոնը՝ որը խորհրդանշում է Աստվածահայտնությունը, Սուրբ Ծնունդը։
Ճրագալույց է կոչվում Սուրբ Ծննդին, ինչպես նաև սուրբ Զատկին նախորդող օրը, որը նշանակում է ճրագ լուցանել, այսինքն՝ վառել: Ճրագալույցին վառում են եկեղեցու ջահերն ու կանթեղները և վառվող մոմեր բաժանում ժողովրդին, որից հետո մատուցվում է Սբ. Պատարագ: Եկեղեցուց վերադառնալով, հավատացյալները իրենց հետ տուն են բերում մոմեր, այնքան, որքան տան անդամներն են և հյուրերը: Մոմերը վառում են ընթրիքին, յուրաքանչյուրն իր սպասքի մոտ:
Ըստ Հայ Եկեղեցու՝ Սբ. Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկո մարդիկ պահք են պահում: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ: Սուրբ ծննդյան տոնն սկսվում է հունվարի 5-ի երեկոյան և շարունակվում կեսգիշերից հետո:
Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույց Աստվածահայտնության և մատուցվում Սբ.Պատարագ:
Այսօր երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվեց Ճրագալույցի Ս.Պատարագ:
Մարդիկ եկեղեցում վառած ճրագներն իրենց հետ տուն էին տանում:
Ս.Սարգիս եկեղեցում պատարագը մատուցվել է Տ.Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում մատուցված Սուրբ Ծննդյան ճրագալույցի պատարագին: Պատարագը մատուցվել է առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ, ով Ս. Պատարագի ավարտին հավատավոր ժողովրդին փոխանցեց Ս. Ծննդյան և Հայտնության Ավետիսը. «Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ: Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի» ողջույնով:
Պատարագի ավարտից հետո Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում Տ. Նավասարդ Սրբազանի նախագահությամբ կատարվել է նաև Տնօրհնեքի կարգ:
