«Երկիր Ծիրանի»-ն առաջարկում է Մարտի 1-ի զոհերի հիշատակին հուշարձան կանգնեցնել
Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը հանդես է եկել «Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրման մասին» իրավական ակտ ընդունելու նախաձեռնությամբ: Հայաստանում շուրջ քառորդդարյա բռնակալական համակարգի (որին հայ ազգը մինչ օրս չի տվել քաղաքական և իրավական գնահատական) արյունոտ և ցինիկ դրսևորումը 2008 թվականի մարտի 1-ի ոճրագործությունն էր, որը խլեց 10 մարդու կյանք, հարյուրավորները՝ վիրավորվեցին, հանիրավի ազատազրկվեցին: Բռնակալական համակարգը կարիք ունի համապարփակ դատապարտման՝ որպես անպատժելիության դեմ առաջադեմ քաղաքակրթության պատասխան: Որպես 2008 թվականի մարտի 1-ի ոճրագործության դատապարտման, 10 զոհերի հիշատակը հավերժացնող և բռնակալական քառորդդարյա համակարգի դատապարտման խորհրդանիշ՝ Երևանում պետք է կանգնեցնել հուշարձան: Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը ներկայացրել է նման նախագիծ՝ հուշարձանի տեղադրման վայր առաջարկելով Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի ետնամասում գտնվող այգին: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ ՈՐՈՇՈՒՄ ՄԱՐՏԻ 1-Ի ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում պետական և հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացման կարգը հաստատելու մասին» N 551 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետը՝ Երևան քաղաքի ավագանին որոշում է. Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի ետնամասում գտնվող Իտալիայի, Բեյրութի, Մովսես Խորենացու և Գրիգոր Լուսավորչի փողոցների սահմաններով պարփակված այգում հուշարձան տեղադրելու մասին: Նախագծի հեղինակներ՝ Երևան քաղաքի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներ՝ Զարուհի Փոստանջյան Մարինա Խաչատրյան Սոննա Աղեկյան