Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարծում էինք, որ օրենքի նոր նախագիծ մշակելիս մեզ եւս կներգրավեն. Ա. Մելիքյան (տեսանյութ)

Քաղաքականություն
27545528_10211315965237851_6065621202826968975_n

Անդրադառնալով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին նոր օրենք»-ի նախագիծ, հեռարձակման ոլորտին առնչվող խնդիրներին` Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նշեց, որ երկու լուր ունի` լավ եւ վատ. «Լավն այն է, որ նախագիծը դեռ չի ուղարկվել ԱԺ։ Դա նշանակում է, որ դեռ հնարավորություն կա վերանայելու նալագծում առկա մոտեցումները։ Վատ լուրն այն է, որ այն հավանության է արժանացել Կառավարության կողմից։ Մենք չենք մասնակցել նախագծի քննարկումներին, մինչդեռ Արդարադատության նախարարությունը մեզ մեղադրում է, թե մենք մեր սեփական ծուլությունը բարդում ենք նրանց վրա։ Մինչդեռ ԱՆ-ն պատճառաբանում է, թե նախագիծը դրել է «Ի դրաֆտ»-ում։ Եթե ԱՆ-ն երկու շաբաթով նախագիծը տեղադրել է իր կայքում, դա դեռ բավարար չէ` ասվի, թե քննարկվել է։ Դա այն դեպքում, երբ ԱՆ-ն որեւէ միջոցառում է անում ու լուրջ շահագրգռվածություն ունի, շատ կոնկրետ քայլեր է անում` քննարկումներ, հանդիպումներ։ Մենք կարծում էինք, որ օրենքի նոր նախագիծ մշակելիս մեզ եւս կներգրավեն։ Մենք լուրջ առարկություններ ունենք օրենքի որոշ դրույթների հետ կապված։ Նախագիծն, ըստ էության, մեկտեղել է յոթ տարվա փոփոխություններն ու լրացումները` իրենց թերություններով հանդերձ, սակայն կուտակված հիմնախնդիրներին անդրադարձ չկա։ Թվային հեռարձակման ենք անցել, սակայն մասնավոր մուլտիպլեքս չունենք։ Պայմաններն են` այն պետք է ամբողջ երկրի տարածքը ընդգրկի, տուրքեր վճարի եւ այլն։ Այսինքն, միայն խոշոր բիզնեսին է առաջնահերթություն տրվելու, իսկ ՓՄՁ-ն չի կարողանալու մասնակցել։ Մասնավոր մուլտիպլեքսի երկու մրցույթ է հայտարարել, սակայն որեւէ մասնակից չի եղել։ Գիտեք, որ թվայնացման այս գործընթացից դուրս են մնացել մարզային տեղական տասը հեռուստաընկերություն, որոնք դեռ շարունակում են անալոգային հեռարձակումը, սակայն օրեց օր իրենց վիճակը վատթարանում է, ասենք` պակասում է նրանց գովազդատուների թիվը։ Ամփոփելով` ուզում եմ ասել, որ նախագիծը չի համապատասխանում ժամանակակից պահանջներին ու միջազգային փորձին, որպեսզի ոլորտը զարգանա»։ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն իր հերթին նշեց, որ մեր կառավարական շրջանակների մտածելակերպը գործընթացի նկատմամբ, իրեն զարմացնում են. «Նրանք ասում են` մեզ ավելին պետք չէ` թող բոլոր մարզում մեկ հեռուստաընկերություն։ Դա նշանակում է միայն իշխանական շահերը սպասարկող հեռուստաընկերություն։ Նրանք ասում են` ՀՀ-ն աղքատ երկիր է, այստեղ չկա այն շուկան, որ հնարավոր լինի ապահովել բազմաթիվ հեռուստատեսությունների գոյությունը։ Օրինակ` 2017թ. նոյեմբերի 5-ի մարզերում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, որոնք ԶԼՄ մեծ մասով չլուսաբանվեցին։ Այս օրինագծի փոփոխությունները պայմանավորված են ՀՀ սահմանադրությամբ, իսկ դա նշանակում է` քիչ ժամանակ է մնացել, ու Կառավարությունը կասի ժամանակ չունեինք, ընդունենք, հետո կփոփոխենք»։ Սահմանադրությանը օրինագծի համապատասխանումներից Աշոտ Մելիքյանն անդրադարձավ ՀՌԱՀ-ի ձեւավորման կարգին. «Անդամների կեսը նախկինում ՀՀ նախագահի կողմից, կեսը` ԱԺ կողմից էր ընտրվում։ Հիմա` ամբողջությամբ, հանձնաժողովի 7 անդամները նշանակվելու են մրցութային կարգով` ԱԺ կողմից։ Դա վերաբերում է նաեւ հանրային հեռուստառադիոընկերության անդամների ընտրությանը, որը եւս կլինի ԱԺ կողմից։ Թեեւ էստեղ շոշափելի առարկություններ չունենք, սակայն որոշակի վերապահումներ ունենք` այլ առաջարկներ ունեինք»: Բանախոսներն անդրադարձան նաեւ Կառավարության դռնփակ նիստերի անցկացմանը. «Դրա նպատակն առավել, քան թափանցիկ է` քննադատական վերաբերմունքը սահմանափակել։ Կարծում եմ` դա սխալ հաշվարկ է, քանի որ ԶԼՄ-ները, միեւնույնն է, գրելու են, քանի որ մի բան է, որ քեզ համար հասանելի են նիստերը` օգտվելով, ասենք, նախարարի ֆիզիկական ներկայությունից»,- նշեց Բորիս Նավասարդյանը։ Աշոտ Մելիքյանի համոզմամբ էլ` դա է բերելու է նրան, որ իշխանությունները աշխատելու են ավելի փակ, քան հիմա. «Սա եւս մեկ խոչընդոտ է լրագրողներկ համար, որ նրանք կարողանան աշխատել փաստերի հիման վրա»: