Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼ ՎԱՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինԼոռու մարզի առաջին ատյանի դատարանը քննեց թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումն անվավեր ճանաչելու մասին դիմումը: Անցած շաբաթ հանձնաժողովը չգրանցեց Վանաձորի քաղաքապետին անվստահություն հայտնելու նպատակով տեղական հանրաքվե անցկացնելու համար ձեւավորված նախաձեռնող խմբին: Հանձնաժողովն իր մերժումը հիմնավորել էր` ելնելով ՀՀ «տեղական հանրաքվեի մասին» օրենքի այն դրույթից, ըստ որի համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու իրավունքը բացառիկ է ու պատկանում է ավագանուն:
Դատարանում նախաձեռնող խումբը պահանջեց անվավեր ճանաչել հանձնաժողովի որոշումն ու պարտադրել իրեն գրանցել: Խմբի լիազոր ներկայացուցիչ Արթուր Սաքունցը պնդեց իրենց պահանջը գրանցման մասին՝ մեկ անգամ եւս հայտարարելով, թե համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու իրավունքը չի կարող բացառիկ համարվել, քանի որ ՀՀ Սահմանադրությամբ նման իրավունք ունի նաեւ մարզպետը:
Վանաձորի քաղաքապետարանի եւ թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչ Արարատ Կարապետյանը անհիմն համարեց դիմումն ու գտավ, որ այն ենթակա է մերժման հենց այն պատճառով, որ դա բացառիկ իրավասության հարց է: Քաղաքապետի պաշտոնանկություն կարող է լինել, օրինակ` նրա գործունեության թերացման դեպքում եւ միայն ավագանու կողմից այդ հարցով մարզպետին դիմելու միջոցով: Բայց այս դեպքում որեւէ իրավական հիմք Արարատ Կարապետյանը չի տեսնում: Ըստ նրա, Վանաձորում կգտնվեն մարդիկ, ովքեր դեմ կլինեն քաղաքապետ Սամվել Դարբինյանի պաշտոնանկությանը: Նա վերհիշեց 2005-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, երբ Սամվել Դարբինյանը մոտավորապես հավաքել էր 24.000 ձայն, իսկ նրան դեմ էր քվեարկել մոտ 19.000 ընտրող: Արարատ Կարապետյանի դիտարկմամբ, քաղաքապետին դեմ քվեարկածներից առնվազն հինգ հոգի կարող է օրերից մի օր խումբ ձեւավորել ու որոշել անվստահություն հայտնելու համար տեղական հանրաքվե անցկացնել: Եվ ի՞նչ: Նրանց կարող է գրանցել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, որից հետո կանցկացվի ստորագրահավաք ու այն կներկայացվի համայնքի ավագանուն:
«Նույնիսկ եթե ավագանին մերժի, միայն այդ խումբը չի կարող կրկին դիմել գրանցման համար, իսկ այլ հինգ հոգանոց խմբեր կարող են դիմել ու այսպես շարունակ»,-բացատրեց Արարատ Կարապետյանը: Ըստ նրա, սա խիստ կվնասի տեղական ինքնակառավարման մարմնի լիազորությունների իրականացումը, կարող է վնասել նաեւ համայնքի բյուջեն:
Թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Մինաս Սայադյանը եւս պնդեց իր նախնական դիրքորոշումը՝ կապված համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու՝ ավագանու բացառիկ իրավասության մասին: «Մարզպետը կառավարության ներկայացուցիչն է մարզում ու նրա նախաձեռնությամբ համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելը ավագանու դիմումի արձագանքն է»,-ասաց նա: Այսինքն՝ մարզպետը անվստահության հարցով կարող է կառավարություն դիմել ավագանու դիմումը ստանալուց հետո:
Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը վճիռ կկայացնի ապրիլի 13-ին: Այդ օրն արդեն պարզ կդառնա, արդյո՞ք համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու իրավունքը բացառիկ է ու ավագանու իրավասությունն է, թե՞ պատկանում է նաեւ քաղաքապետին ուղղակի ընտրությամբ ընտրող քաղաքացիներին եւս:
Նաիրա Բուլղադարյան