Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոչ մի արտառոց բան չկա, եթե նախկինում նախագահին տրված լիազորություները փոխանցվում են վարչապետին

Քաղաքականություն
armen-martirosyan

Ժառանգության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն  այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ վարչապետի ձեռքում իշխանության գերկենտրոնացում է։ «Դեմոկրատական երկրներում, որոնք պառլամենտական կառավարման համակարգ ունեն, պառլամենտն է դոմինանտ։ Հայաստանը չնայած որ պառլամենտական է, սակայն պառլամենտը դոմինանտ չէ» ,- ասում է Արմեն Մարտիրոսյանը։ Հիշեցնենք, որ խորհրդարան է ներկայացվել «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքների նախագծեր, որոնց ընդունման դեպքում  2017թ․ ապրիլի 9-ից հետո, իրավապահ կառույցները, մասնավորապես՝ Ոստիկանությունը, ԱԱԾ-ը, Պետական պահպանության և պետական վերահսկողական ծառայությունը լինելու են ոչ թե կառավարությանն առընթեր, (ներկայումս այդպես է) այլ բացառապես վարչապետին ենթակա մարմիններ։ Նրանց ղեկավարներին ու տեղակալներին նշանակելու և ազատելու է վարչապետը։ Իշխանության ներկայացուցիչները նշում են, որ ոչ մի արտառոց բան չկա, եթե նախկինում նախագահին տրված այդ լիազորություները  փոխանցվում են վարչապետին։ Քաղաքագետ Արմեն Գրիգորյանն այս փաստարկը անհիմն է համարում։ «Այն ժամանակ գոնե  դե յուրե կառավարությունը անջատված էր և նախագահին որոշակի զսպող լծակ ուներ։ Հիմա վարչապետին զսպող ոչ մի մեխանիզմ չի լինում»,-ասում է Արմեն Գրիգորյանը։ Միաժամանակ, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծով նախատեսվում է, որ Կառավարության նիստերը պետք է դռնփակ լինեն: Քաղաքագետ Արմեն Գրիգորյանն անդրադառնալով արդարադատության նախարարի խոսքին, թե շատ երկրներում է կառավարության նիստերն անցնում դռնփակ, նշում է. «Եթե մի երկրում կա նման երևույթ, չի նշանակում թե պետք է կրկնօրինակել։ Դռնփակ նիստերը բոլորիս էլ պարզ է, որ արվում են մեկ մարդու համար՝ Սերժ Սարգսյանի»։ Ըստ Արմեն Գրիգորյանի՝ Սերժ Սարգսյանին հատուկ է մեկ գիշերում որոշումներ կայացնել և կառավարության դռնփակ նիստերը հենց դրա  համար են։