Փաշինյանը հորդորեց կառավարությանը՝ հոնքի տեղը աչքն էլ չհանել (տեսանյութ)
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այսօր Ազգային Ժողովում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր մտահոգությունը հայտնեց «Աշտարակ կաթ» ընկերության կողմից ներկայացրած դատական հայցի վերաբերյալ։ «Նախորդ տարի դեռ «Աշտարակ կաթ» ընկերության սնանկության հետևանքով աշխատավարձեր չստացածների խնդրով դիմել էի վարչապետին։ Վարչապետը նշել էր, որ հարցը կարող է լուծվել միայն սնանկության գործընթացի ընթացքում։ Բայց առաջացել է ևս մեկ ուրիշ խնդիր։ Նախկին «Աշտարակ կաթի» առաքիչներն արդեն գրավոր կերպով արձանագրում են, որ մի քանի հարյուր փոքր և միջին ձեռնակատերեր գնված ապրանքների դիմաց վճարել են, բայց հիմա ընկերության սնանկության կառավարիչը դատի է տվել ձեռնակատերերին՝ պահանջելով վճարել դրանց դիմաց»։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հարցին՝ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը փաստեց, որ հարցը հնարավոր է լուծել միայն դատական գործընթացի շրջանակում։ «Եթե սնանկության կառավարիչը դիմել է հայցով, ուրեմն ուներ հիմք։ Հարցին անդրադարձ կարելի է կատարել միայն դատական գործընթացում։ Եթե ապացուցվի, որ առաքիչներն այդ գումարները մուծել են գանձապահին կամ գումարները դրամարկղից անհետացել են հանցագործություն կատարելու ճանապարհով, բնականաբար տնտեսվարողները 2-րդ անգամ չեն վճարի»։ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ Կառավարությունն իր ծրագրի մեջ ունի փոքր և միջին բիզնեսը զարգացնելու առաքելություն և Կառավարության ուշադրությունը սևեռեց խնդրի շուրջ, որպեսզի հոնքի տեղը աչքն էլ չհանեն։