Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ-ում քննարկում են «Ներման նախագիծը»

Քաղաքականություն
AJ-5

«Միջհամայնքային միավորումների մասին» եւ կից ներկայացված օերնքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ նախագծի քվեարկությունից առաջ Ելք եւ «Ծառուկյան» խմբակցությունները հայտարարեցին, որ իրենք դեմ են: Նախագիծն անցավ 61 կողմ, 38 դեմ, 1 ձեռնպահ ձայներով: Քվեարկություններից անմիջապես հետո սկսվեց Կառավարության հրավիրած արտահերթ նիստը: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ առաջարկում է անցկացնել 5 նիստ՝ 1,5 ժամ տեւողությամբ. «Դա հնարավորություն կտա լիարժեք աշխատել ու այսօր՝ մինչեւ ժամը 18:30 ավարտել օրակարգը, որպեսզի վաղն առավոտյան քվեարկություններ լինեն»: Արդարադատության փոխնարար Սուրեն Քրմոյանը ներկայացրեց «Ներման մասին» եւ կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ: Այս փոփոխություններն ըստ փոխնարարի, բխում է նոր Սահմանադրությունից: Նրա խոսքով՝ ներման խնդրագիր կարող է ներկայացնել դատապարտյալը՝ որպես բացառիկ իրավունքի սուբյեկտ. «Ավելացվել է նաեւ դրույթ դատապարտյալին ներում շնորհելու միջնորդություն: Դատապարտյալն ի թիվս այլ մանրամասների, իր դիմումում պետք է նշի վերաբերմունքը քրեական ենթամշակույթի նկատմամբ: Հաշվի կառնվի այն հանգամանքը, թե արդյոք դատապարտյալին երբեւէ ներում շնորհվել է, թե ոչ: Ներման խնդրագիր կարող է ներկայացնել ՀՀ նախագահը վարչապետին: Սա Սահմանադրության պահանջն է, որ լինի մարմին կամ պաշտոնատար անձ, որ նման առաջարկությամբ հանդես գա: Վարչապետին կից կստեղծվի հանձնաժողով: Ներման խնդրագիրը մերժելու դեպքում դատապարտյալը կարող է մեկ տարի անց նորից դիմել՝ բացառությամբ այն հանգամանքների, երբ առկա են բացառիկ հանգամանքներ: Դիմումները ներկայացվում են Արդարադատության նախարարություն, որը առավելագույնը 30 օրյա ժամկետում կազմում է դատապարտյալի ամբողջական նկարագիրը եւ ներկայացնում է ՀՀ վարչապետին, որն էլ իր հերթին հինգ օրյա ժամկետում խնդրագիրը ներկայացնում է հանձնաժողովին, եւ այդ խորհրդատվական բնույթի զեկույցը 20 օրյա ժամկետում տրվում է վարչապետին: Դրանից հետո, այդ ամբողջը ներկայացվում է ՀՀ նախագահին: ՀՀ նախագահը եռօրյա ժամկետում կարող է ստորագրել համապատասխան հրամանագիրը կամ իր առարկություններով վերադարձնել վարչապետին: Վարչապետն էլ որոշում է ընդունում, քննարկում է, ընդունում է առարկությունները, խմբագրում է նախագիծը կամ չի ընդունում ու նորից ներկայացնում է ՀՀ նախագահին: Այս դեպքում ՀՀ նախագահը կամ պետք է ստորագրի, կամ դիմի ՍԴ»: