Մարտի 1-ից հետո տղաների մեծ մասը ազատ կարձակվեր, եթե խնդրագիր գրեր. Արարատ Զուրաբյան (տեսանյութ)
ԱԺ-ում այսօր «Ներման մասին» եւ կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկմանը Ելք խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը համոզմունք հայտնեց, որ այս օրենքով ՀՀ-ն տարվում է սուպերվարչապետական, փակ, ոչ հրապարակային կառավարման մի համակարգի, որտեղ վարչապետը խորհրդարանական երկրում ունենալու է շատ ավելի լայն լիազորություններ, քան նախորդ Սահմանադրությամբ ՀՀ նախագահը. «Ինչո՞ւ եք դուք բերում տարբեր երկրների օրինակներ, որոնք միապետություն են: Դուք ասում եք Բելգիա, սակայն այն թագավորություն է: եվրոպայում թագավորները սիմվոլիկ ու արարողակարգային բնույթ ունեն: Որքանո՞վ եք դուք ինքներդ ձեզ հետ ներդաշնակ, երբ փորձում եք մեզ համոզել, որ սա պրոցեդուալ մի ռեֆորմ է»: Արդարադատության փոխնարար Սուրեն Քրմոյանը պատասխանեց, որ ոչ միայն Բելգիայի, այլեւ Բուլղարիայի, Վրաստանի, Ռումինիայի օրինակներն են բերվում. «Վարչապետի լիազորությունների հետ կապված ձեր քաղաքական ձեւակերպմանը պատասխանեմ իրավական ձեւակերպումներով՝ այլ տարբերակ, քան Սահմանադրությունն է, չունենք»: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանն էլ հետաքրքվեց. «Մարդը դատապարտված է, սակայն խնդրագիր չի գրում, սակայն ամբողջ հանրապետությունն է պահանջում, որ նա ազատ արձակվի, հիմա հասարակությունը կարո՞ղ է ինչ-որ կերպ դիմել, թե ոչ: Ենթադրենք մարտի մեկից հետո տղաների մեծ մասը ազատ կարձակվեր, եթե խնդրագիր գրեր՝ նույն վայրկյանին ազատ կարձակվեր, սակայն ոչ մեկը պատրաստ չէր նման խնդրագիր գրելու: Մեկ այլ հարց եւս հետաքրրքվում է՝ ասենք բացասական եզրակացությամբ խնդրագիր է ներկայացվել ՀՀ նախագահին, նա իրավունք ունի՞ ներում շնորհելու, թե ոչ»: Սուրեն Քրմոյանը նշեց՝ եթե դատապարտյալը պատրաստ չէ կամ չի ներկայացնում խնդրագիր, մեր ներկայացրած այս ինստիտուտը չի գործում, այլ կարգավորումներ են գործում՝ պայմանական վաղակետ, դատական մեխանիզմները. «Անձի կամարտահայտությունը պետք է լինի: Եթե բացասական եզրակացությամբ եկել է, ապա ՀՀ նախագահը կարող է փոխադարձ ճշտումներով կարող է հիմնավորումներով, առարկություններով վերադարձնի վարչապետին: Այս երկու ինստիտուտները պետք է ի վերջո գան համաձայնության: Եթե չկա համաձայնություն, ապա հարցի քննարկումը տեղափոխվում է ՍԴ»: