Կգույքագրվեն ոռոգելի չօգտագործվող հողատարածքներն ու չօգտագործվող անշարժ գույքերը (տեսանյութ)
Հանրապետությունում շատ են ոռոգելի հողատարածքները, որոնց օգտագործման մակարդակը շատ ցածր է: Միայն Արարատի մարզում նմանատիպ 24 հազար հեկտար հողատարածք կա, որոնք պատկանում են ֆիզիկական եւ իրավաբանական անձանց: Վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց՝ ոռոգելի հողատարածքները չօգտագործելու համար օրենսդրությամբ նախատեսված չեն նորմեր՝ պատասխանատվության մեխանիզմ կիրառելու համար՝ ընդհուպ մինչեւ սեփականության իրավունքի դադարեցում: Գործադիր մարմնի ղեկավարը Գյուղատնտեության, Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարներին հանձնարարեց, որպեսզի 1 ամսում կառավարության աշխատակազմ ներկայացնեն գյուղատնտեսական նշանակության ոռոգելի հողամասերի օգտագործման խթանման վերաբերյալ առաջարկություններ: Ինչպես նաեւ անդրադառնան իրավունքների դադարեցման ընթացակարգը հստակեցնելուն: Վարչապետի հաջորդ հանձնարարականը վերաբերում էր պետական այն գույքերին, որոնք չեն օգտագործվում: Կարեն Կարապետյանի խոսքերով՝ պետգույքի կառավարման վարչության կողմից արձանագրվել են մի շարք անշարժ գույքեր, որոնք չեն օգտագործվում կամ օգտագործվում են ոչ արդյունավետ, բայց սպասարկման եւ պահպանման ծախսերն իրականացվում են բյուջեի միջոցներով: Վարչապետն հանձնարարեց գույքագրել այդ անշարժ գույքերը եւ ցանկը ներկայացնել կառավարության աշխատակազմ. « Այդ տեսակի գույքերը հարկավոր է օգտագործման տրամադրել, նույնիսկ անհատույց կամ նախաձեռնել դրանց օտարման գործընթացը»։ Վարչապետի հաջորդ հանձնարարականը վերաբերում էր ՀՀ մարզերի եւ համայնքների խորհրդանիշներին: Կարեն Կարապետյանի խոսքերով՝ օրենսդրությամբ սահմանված չէ նման խորհրդանշանների մշակման ընդհանուր միասնական պահանջներ, որոնց արդյունքում խորհրդանիշներն իրենց կառուցվածքով ու կարգավիճակով կհամապատասխանեն գործնականում ձեւավորված ու ընդունված կանոններին: «Ներկայումս դրանք ամբողջությամբ թողնված են մարզպետարանի, իսկ համայնքների դեպքում՝ ավագանու հայեցողությանը»: Վարչապետը մարզպետներին եւ մշակույթի նախարարին ու մարզպետներին հանձնարարեց երկամսյա ժամկետում շահագրգիռ մարմինների, ինչպես նաև գիտական ու հասարակական կազմակերպությունների հետ համատեղ ուսումնասիրել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել մարզերի ու քաղաքների խորհրդանիշների, ձեւաթղթերի ընդհանուր պահանջների սահմանման ու դրանց տեղական ինքնակառավարման ու տարածքային կառավարման մարմինների կողմից իրացման վերաբերյալ առաջարկություններ: