Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԼՔ-ն ու «Ծառուկյան» խմբակցությունը պահանջեցին վերահաշվարկ (տեսանյութ)

Քաղաքականություն
Elq

ԱԺ-ում այսօր Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը ներկայացրեց Բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամների ընտրության արդյունքները։ Նա նշեց, որ ընտրություններին մասնակցել է 98 պատգամավոր եւ ըստ այդմ` ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի օգտին գրանցվել է կողմ 96, դեմ 2 քվեաթերթիկ, Արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանի օգտին` 1 անվավեր, կողմ 90, 7 դեմ, Լիպարիտ Մելիքջանյանի օգտին` 1 անվավեր, կողմ 82, 15 դեմ, Հայկ Հովհաննիսյանի օգտին` 1 անվավեր, 86 կողմ 11 դեմ, Սերգեյ Մեղրյանի օգտին` 1 անվավեր, 87 կողմ 10 դեմ քվեաթերթիկներ։ Բոլոր անդամները ընտրվել են հինգ տարի ժամկետով։ Նրանք առանձին-առանձին մոտեցան ԱԺ ամբիոնին, հանդիսավորությամբ երդվեցին, ապա` ստորագրեցին երդման տեքստը։ Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը վարման կարգով նշեց, որ լիազորված է հայտարարելու, որ իրենց խմբակցության 7 անդամները դեմ են քվեարկել Գագիկ Հարությունյանին ու Գեւորգ Դանիելյանին, մինչդեռ պատկերը մի փոքր այլ է. «Սա համարում եմ մանր ժուլիկություն, քաղաքական հեռուն գնացող մոտեցում` ընդդեմ Ելք խմբակցության»։ Գագիկ Մելիքյանը ի պատասխան ասաց, որ հանձնաժողովի բոլոր անդամները մասնակցել են ընտրության հենց սկզբից, ինչպես նաև` հաշվառման գործընթացին. «Բոլորը միաձայն ստորագրել ու հաշվել են քվեաթերթիկները։ Անհիմն հայտարարությունների կարիքը չենք տեսնում»: Ելք խմբակցության` Հաշվիչ հանձնաժողովի անդամ Լենա Նազարյանը հայտարարեց, որ թեեւ Հաշվիչ հանձնաժողովի անդամ է, սակակայն չի կարող վստահ լինել, որ դեմ քվեաթերթիկները չեն փոխարինվել կողմ քվեաթերթիկներով «Հնարավոր է` անդամներից մեկը փոխել է»։ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ կա արձանագրություն, հանձնաժողովի բոլոր անդամները ստորագրել են արձանագրության տակ. «Մենք էլ կարող ենք ենթադրություն անել, որ սխալվում եք։ Մենք լուրջ մարդիկ ենք»: Ելք խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն իր հերթին հայտարարեց, որ Լենա Նազարյանը ստորագրել է առկա քվեաթերթիկների արձանագրության տակ. «Նրա համար տեսանելի չի եղել ողջ գործընթացը. հաշվարկը տեղի ունեցել փակ դռների հետեւում։ Նման գործընթացը պետք է կասեցնել»: Նիկոլ Փաշինյանը նաեւ ավելացրեց. «Մենք պահանջում ենք մանրամասն հետաքննություն անցկացնել ու որպեսզի լրագրողների ներկայությամբ անցկացվի քվեաթերթիկների հաշվարկը, այլ ոչ թե դռների հետեւում»: Հայտարարությամբ հանդես եկավ նաեւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն` ասոկքվ. «Մենք եւս հանձնաժողովում ունենք ներկայացուցիչներ։ Մենք անվերապահորեն վստահում ենք նրանց ու նրանց ներկայությամբ մանիպուլյացիա չէր կարող լինել։ Դրա համար մենք եւս առաջարկում ենք վերահաշվարկ»: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ի պատասխան հայտարարեց. «Էական չէ, թե քանի ձայն կլինի ու խնդրում եմ ավելորդ արտահայտություններով խլրտումներ չանեք։ Եթե ուզում եք, կարող եք վերահաշվարկ անել»: Բացի այս, Խխրհրդարանը միաձայն` 72 ձայներով ընդունեց Սումգայիթի ոճրագործության մասին ԱԺ բոլոր խմբակցությունների համատեղ հայտարարությունը։ Դահլիճում հնչեցին ծափեր։