Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԼԻՆԻ՞ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼՈւ ԱՆՀՐԱԺԵՇՏՈւԹՅՈւՆ

Սպորտ

Այսօր Ուելսի մայրաքաղաք Կարդիֆում մեկնարկում է ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվելու են եվրոպական ֆուտբոլին առնչվող մի շարք հարցեր: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը «Ա1+»-ի հայտնեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայանալիք հանդիպումները անցկացման վայրը, գործկոմի նիստը քննարկելու է վաղը` ապրիլի 18-ին: Արմեն Մինասյանը հույս հայտնեց նաեւ, որ ՈւԵՖԱ-ն իր որոշումը կընդունի ըստ կանոնակարգի, այսինքն Հայաստանը եւ Ադրբեջանը հանդիպումները պետք է անցկացնեն սեփական հարկի տակ, այլ ոչ թե չեզոք դաշտում:

Իսկ ահա ադրբեջանցիները հույս ունեն, որ հանդիպումները կայանալու են չեզոք դաշտում, թեեւ լրջորեն անհանգստացած են ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախորդ շաբաթ կատարած այն հայտարարությունից, որում ֆեդերացիայի նախագահը պատրաստակամություն է հայտնում դիմել սպորտային արբիտրաժային դատարան` CAS, եթե ՈւԵՖԱ-ն Երեւանում նախատեսված հանդիպումը տեղափոխի չեզոք դաշտ: Այս դատարանը գտնվում է Լոզանում եւ 23 տարվա պատմություն ունի: 2006թ. այնտեղ 204 գործ է քննարկվել: CAS-ը մեծ հեղինակություն է վայելում բոլոր խոշոր սպորտային կառույցների կողմից եւ համարվում է բացարձակ անկախ դատարան: Այնտեղ աշատում են 300 դատավորներ:

Ամեն դեպքում հավանական է, որ CAS-ին դիմելու կարիք չլինի, քանի որ ՈւԵՖԱ-ն Հայաստանի կառավարության կողմից շուրջ մեկ տարի առաջ ստացել է խաղը կազմակերպելու անվտանգության երաշխիքներ, ուստի երեւանյանը հանդիպումը չեզոք դաշտում անցկացնելու որեւէ պատճառ չկա: