Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲԱՐԵՒ , ԲՐԻԳԱԴԱ

Մարզեր

Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն այսօր, կուսակցության խորհրդի մի խումբ անդամների եւ ԱԼՄ հեռուստաընկերության նկարահանող խմբի ուղեկցությամբ, Մարտունիում էր: ԺԿ-ի տարածքային կազմակերպությունն «ինչպես հարկն է» պատրաստվել էր առաջնորդի այցին` Տ. Կարապետյանին դիմավորելով աղուհացով, զուռնադհոլի նվագակցությամբ` չմոռանալով նաեւ ոչխար մորթել նրա առաջ:

Քաղաքի գլխավոր` Մյասնիկյանի անվան հրապարակում կայացավ ԺԿ առաջնորդի հանդիպումն ընտրողների հետ: Սկզբում մոտ 30-35 մարդ էր հավաքված, հետո` նրանց թիվը հասավ 100-150 հոգու, որոնց մեծ մասը մեծամասամբ տարեցներ էին: Ներկաներին ԺԿ-ի նախընտրական բուկլետներ էր բաժանվել: Իր ելույթում Տ. Կարապետյանը ծրագրային դրույթներ չներկայացրեց, փոխարենը` քննադատեց ներկայիս իշխանությունների վարած սոցիալ-տնտեսական քաղաքականությունը: Ըստ Տ.Կարապետյանի, «որոշ կուսակցություններ քաղաքացիներին` ընտրողներին ընտրակաշառք են բաժանում. ժամկետանց սնունդ, ավել, կենցաղային մանր-մունր իրեր` ամանեղեն եւ այլն»: Խոսելով այս մասին` ԺԿ առաջնորդը կոնկրետ անուններ չնշեց: Եզրափակելով իր ելույթը` նա կոչ արեց մայիսի 12-ին իրենց ձայնը տալ խղճի մտոք, առանց պարտադրանքի:Կայացած հանդիպման ընթացքում Տ. Կարապետյանը նաեւ պատասխանեց ներկաների հարցերին:Ինչպեսեւ սպասվում էր, վերջում նաեւ կարճատեւ համերգ կայացավ, որին մասնակցում էին նաեւ տեղացի «Ադամանդները»:

Ի դեպ, ներկաներին Տիգրան Կարապետյանը ողջունեց «Բարեւ, բրիգադա» արտահայտությամբ:

Վրույր Մալխասյան

Մարտունու «Զանգակ» ՀԸ