ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԵՒՈՒՄ ԿԱՆԳՆԻ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր սիսիանցի ընտրողների հետ հանդիպեցին Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչները: Րաֆֆի Հովհաննիսյանը կանգնելով աստիճանահարթակի ներքեւի մասում ասաց. «Ժողովուրդը պետք է վերեւում լինի, թեկնածուն` ներքեւում, քանի որ մենք ենք ծառան, որոնց ժողովուրդն է ընտրում»:
Ժառանգություն կուսակցության առաջնորդը սիսիանցիներին հորդորեց քվեախուց մտնելուց առաջ զրուցել խղճի հետ եւ հարցնել «Տե՞ր եմ իմ երկրին, տե՞ր եմ իմ Սյունիքին, տե՞ր եմ իմ ժառանգությանը»: Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի հայը իր բախտը չպետք է օտար ափերում որոնի, այլ այնտեղ, որտեղ ծնվելու ու մեծացել է: Կուսակցության ղեկավարի հավաստմամբ խոսելու ժամանը վաղուց անցել է, եկել է գործելու ժամանակը:
Կուսակցության ցուցակում ընդգրկված ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի ավագ դասախոս Վարդան Խաչատրյանն իր ելույթում նշեց, որ այսօր ապրում ենք անօրեն երկրում: Իշխանության գլուխ են կանգնած մարդիկ, որոնք ձեւավորվել են ոչ լեգիտիմ ընտրությունների արդյունքում:
Սիսիանի եւ Գորիսի տարածաշրջաններն ընդգրկող թիվ 37 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածությունն առաջադրած Սամվել Հարությունյանը նշեց. «Ապավինենք Սյունյաց ոգուն եւ արժանապատվությանը»: Այսօր Սիսիանի եւ Գորիսի տարածաշրջաններում բնակվող մարդիկ ճնշումների են ենթարկվում, նա կոչ արեց չվախենալ եւ քվեարկել նախ եւ առաջ մարդ անհատի, նաեւ գաղափարների համար, քանզի ըստ Հարությունյանի` վճռորոշ ու կարեւոր է ցանկացած մի ձայն: Այն որ Ժառանգությունն ու Սամվել Հարությունյանը մայիսի 12-ին կայանալիք ընտրություններում հաղթելու են, թեկնածուն կասկած անգամ չունի:
«Սյունի» ՀԸ
Սիսիան