Արդյո՞ք այդքան կպաշտոնավարեմ, միգուցե ճակատագիրն այլ տեղ է ինձ տանելու. Հ. Թովմասյան (տեսանյութ)
ԱԺ-ում այսօր ՍԴ նախագահի պաշտոնում ՍԴ անդամ, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Հրայր Թովմասյանի թեկնածության քննարկմանը Ելք խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը, նրան հարց ուղղելով, հետաքրքրվեց. «Այսօր ՍԴ դիմելիությունը շատ ցածր մակարդակի վրա է։ Հատկապես դա վերաբերում է դատավորներին, իսկ ԱԺ պատգամավորները չեն կարողանում դիմել ընդհանրապես։ Ինչպիսի՞ փոփոխություններ է պետք անել` ՍԴ հեղինակությունը բարձրացնելու համար»։ Հրայր Թովմասյանը նշեց, որ, անշուշտ, սահմանադրական նոր փոփոխությունների արդյունքում այդ դիմելիության արդյունավետությունը բարձրանալու է. «Այս միտումը կա, սակայն կա հետաքրքիր միջազգային պրակտիկա` նույնն է իրավիճակը։ Ես իմ կարծիքը կարող եմ արտահայտել, սակայն ոչ հիմա` հիմա ժամանակը չէ։ Այո, մենք հատկապես դատավորների կողմից քիչ դիմելիություն ունենք։ Օրինակ` Գերմանիայում 50-60 տոկոսը դատավորներն են դիմում։ Սակայն պետք է նշել, որ այստեղ ՍԴ ակտերի որակն ու հեղինակությունն է կարեւոր։ Սրա շնորհիվ է, որ ՍԴ որոշումների կատարումը քաղաքական պրոցեսների արդյունք է։ Եթե չեն կատարվել դրանք, ապա պետք է տեսնենք, թե քաղաքական որ պրոցեսներում է թերությունը»: Արտակ Զեյնալյանը նաեւ նկատեց. «Եթե ընտրվեք, ապա կպաշտոնավարեք մինչեւ 2033թ.։ Իհարկե, ձեզ մաղթում ենք քաջ առողջություն ու, որ երբեւէ վերադառնաք` ԱԺ պատգամավորի կարգավիճակով։ Նոր Սահմանադրությամբ դուք պետք է պաշտոնավարեիք վեց տարով, սակայն հիմա հին Սահմանադրությամբ եք առաջադրվում։ Դուք անարդարության դիսկոնֆորտ չե՞ք զգում"։ Ի պատասխան Հրայր Թովմասյանն ասաց. «Ինձ համար մի փոքր դժվար կլինի պատասխանել այդ հարցին։ Այսօր, եթե նայում ենք Սահմանադրությանը, ապա որոշ հարցերի այլ կերպ կարելի էր անդրադառնալ, այլ լուծումներ առաջարկել, որը չի արվել։ Մենք ունենալու ենք ՍԴ դատավոր, որ 35 տարի է պաշտոնավարելու։ Մեզ համար կարեւոր չէ, թե ով, որքան է պաշտոնավարելու։ Մյուս կողմից էլ` արդյո՞ք այդքան կպաշտոնավարեմ. միգուցե ճակատագիրն այլ տեղ է ինձ տանելու։ Կարեւորը` Սահմանադրությունը չխախտել»: Այնուհետեւ, Հրայր Թովմասյանը սկսեց երկար խոսել։ Դահլիճը սկսեց ծիծաղել։ «Կներեք, վաղուց չեմ խոսել այս ամբիոնից ու չգիտեմ էլ երբ կխոսեմ»,- ժպտալով ավելացրեց Հրայր Թովմասյանը։ «Ոչինչ, պարոն Թովմասյան, ձեր տեղը մի քանի հարյուր մետր ներքեւ է»,- կատակեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։