20 ԼՈՒՄԱ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՄԱՐ
Աջակցիր «Ա1+»-ին«Սիսիանիցիների հետ հանդիպելն ու զրուցելը միշտ էլ հաճելի է Արթուր Բաղդասարյանի համար, քանի որ այստեղ կրթական ցենզը բավականին բարձր է»,- նշեց ՕԵԿ ղեկավարն այսօր քարոզարշավի շրջանակում Սիսիան այցելության ժամանակ:
Հեղինե Բիշարյանի խոսքով ՕԵԿ այն կուսակցությունն է, որ անցավ արդարության պայքարի ճամփով եւ այսօր կուսակցությունն առաջարկում է ծրագրեր հանուն ժողովրդի եւ երկրի պայծառ վաղվա: Ըստ Բիշարյանի` մարդիկ պետք է ապրեն արժանապատիվ կյանքով եւ օրինաց երկրում: Յուրաքանչյուր երիտասարդ պետք է ապրի երկրում որտեղ ծնվել է, սակայն այսօրվա երիտասարդները շենացնում են ուրիշի հողը, ամուսնանում օտարի հետ: Հեղինե Բիշարյանի հավաստմամբ այսօր իրենց ապրելակերպից դժգոհ են շատերը թե աշխատողները, թե չաշխատողները: Ըստ Բիշարյանի` գաղտնիք չէ, որ երկրում կա կոռուպցիա, իրականացվում են սպանություններ, գնալով էլ ավելի է մեծանում անպատժելիության մթնոլորտը: Երկրում օրենքը հարուստի համար մի բան է սահմանում, աղքատների համար` մեկ այլ բան:
Մհեր Շահգելդյանի խոսքով, երկու կան բազմաթիվ բացասական ելույթներ: Շահգելդյանն անընդունելի համարեց, որ արհեստականորեն ստեղծվել է երկու Հայաստան, մեկը` Երեւանն է, մյուսը մարզեն են իրենց քաղաքներով: Ընտրությունների շեմին օգտվելով ժողովրդի սոցիալ տնտեսական ծանր վիճակից փորձ կարվի վախեցնելու, ճնշումներ գործադրելու, պարտադրանքների միջոցով ազդելու ընտրազանգվածի վրա: Վաճառված ու պարտադրանքով տրված քվեն, ըստ Շահգելդյանի` կորած քվե է:
Կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը խոսելով ապագայի ծրագրերից, նշեց, որ այսօր կարիքավորությունն ու չքավորությունը Հայաստանով մեկ սփռվել են մարդկանց վրա եւ հենց իրենց նախընտրական ծրագիրը միտված է մարդկանց դուրս բերելու ստեղծված իրավիճակից: Հայաստանում բնակվող մարդկանց մոտ 90 տոկոսը, ըստ ՕԵԿ նախագահի` գտնվում են ծայրաստիճան թշվառ վիճակում, մարդիկ «յոլա են գնում», իրենց գոյությունն են քաշ տալիս: Հանդիպումների ժամանակ ընտրողներին ու ինքն իրեն Բաղդասարյանը հարց է տալիս, ինչո՞ւ պիտի 21-րդ դարում հայը վատ ապրի: Անդրադառնալով ընտրակաշառքի թեմային Արթուր Բաղդասարյանը մաթեմատիկական պարզ հաշվարկով 1 ձայնին տրվող 10.000 դրամը բաժանեց 5 տարվա, այսինքն 2000 օրվա եւ ստացվեց, որ մարդիկ իրենց երեխայի ապագան վաճառում են ընդհամենը 20 լումայով:
«Սյունի» ՀԸ
Սիսիան