Հայերն իրենց բնույթով շատ են ջազային. Սերգեյ Մանուկյան (տեսանյութ)
Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Միխաիլ Վոսկրեսենսկին առաջին անգամ է Գյումրիում: Հիացած է քաղաքի հին շենքերի ճարտարապետությամբ ու քաղաքի յուրահատուկ մթնոլորտով: «Խորհրդային տարիներին շատ եմ եղել Երևանում համերգներով: Ավելին ասեմ, դիրիժոր Գևորգ Բուդաղյանը իմ ոչ արյունակից բարեկամն է: Շատ հայ ընկերներ ունեմ, թե այստեղ, թե Մոսկվայում»: Գյումրիում անցնող մրցույթ-փառատոնի «Վերածնունդ» անվանումը, նա շատ սիմվոլիկ է համարում: «Յուրաքանչյուր երկրում, երևի թե պետք է լինի նման անվանումով փառատոն,- ասում է Վոսկրեսենսկին:- Մշակույթի վերածնունդը, ամենակարևոր իրադարձությունն է յուրաքանչյուր երկրի համար: Երկրի ապագան կախված է ոչ թե կառուցած տանկերի ու տների քանակից, այլ մշակույթի զարգացումից: Իրական, ստեղծագործ, գեղեցիկ ու երջանիկ հասարակության գրավականն ու ապագան երկրի մշակույթն է»: Հայտնի ջազմեն Սերգեյ Մանուկյանը տասնհինգ տարի առաջ մասնակցեց Գյումրիում կազմակերպված Հայաստանից դուրս ապրող հայ կատարողների մասնակցությամբ համերգին: Դրանից հետո, էլի մի քանի անգամ այցելեց ու մասնակցեց «Վերածնունդ» փառատոնին և ունի իր հստակ մոտեցումը: Նրա խոսքով՝ «Վերածնունդը» այս փոքր քաղաքի մարդկանց մեծ ցանկությունն է աշխարհին ապացուցելու, որ քաղաքը ապրում է, արարում ու զարգանում է: Ցանկությունը, որ աշխարհի տարբեր երկրներից գան մարդիկ, ու զարմանան, որ չնայած դժվարություններին, այս քաղաքը մեծ աշխարհի մեջ իր տեղն ունի որպես հետաքրքիր ու յուրատիպ մշակույթի կենտրոն: «Ինչ վերաբերում է փառատոնին մասնակցող երեխաներին, ասեմ, որ այսօր արագ ինֆորմացիայի դար է, սակայն այս հսկա դաշտի մեջ կա վտանգ բաց թողնել ինչ որ մի շատ կարևոր բան: Այս փառատոնը նման տաղանդավոր երեխաներին բացահայտելու լավ հնարավորություն է: Կասեմ, ինչպես հայրս էր ասում՝ երբ տեսնում ես տաղանդավոր երեխաների, հանգիստ ես, գիտես թե ում թողնես այս կյանքը: Հայերը իրենց բնույթով շատ են ջազային: Բավական է տեսնել, թե ինչպես են նրանք մեքենա քշում,- կատակում է հայտնի ջազմենը:- Հայերը ամեն պարագայում իմպրովիզացիա անել սիրող մարդիկ են»: Այս տարի, տասներորդ հոբելյանական Վերածնունդ մրցույթ-փառատոնին հայտ են ներկայացրել 3100 մասնակից 37 երկրներից: Ժյուրիի անդամները անվանի բուհերի ռեկտորներ են, պրոֆեսորներ և աշխարհում մեծ համբավ վայելող անհատ կատարողներ, որոնք կանցկացնեն նաև վարպետության դասեր: