Սերժ Սարգսյանը հեռանում է. Կառավարությունն էլ հրաժարական կտա
Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանն իր պաշտոնը կստանձնի այսօր՝ ապրիլի 9-ին, Ազգային ժողովի հատուկ նիստում։ Այսօրվանից էլ Հայաստանն ամբողջությամբ անցնում է խորհրդարանական կառավարման։ Այսօր ավարտվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետը։ ԱԺ հատուկ նիստի ընթացքում Ազգային ժողովի նախագահը կբացի նիստը, կստուգի քվորում կա, թե ոչ։ «Այնուհետեւ ՀՀ նոր նախագահը կհրավիրվի ամբիոնի մոտ` երդման տեքստը ընթերցելու համար, որին կհաջորդի Ամենայն Հայոց Կաթողիկոսը` իր օրհնությունը տալով ՀՀ նոր նախագահին։ Դրանից հետո արդեն պաշտոնը ստանձնած նախագահը իր առաջին ուղերձը կհղի ժողովրդին եւ դրանով նիստը կավարտվի»,-news.am-ին ասել է Արփինե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ նույն օրը Կառավարությունը կներկայացնի իր հրաժարականը։ «ՀՀ Սահմանադրության 212-րդ հոդվածը սահմանում է, որ նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնը ստանձնելու օրը, այսինքն ապրիլի 9-ին, Կառավարությունը ներկայացնում է իր հրաժարականը, որը Հանրապետության նախագահն անհապաղ ընդունում է։ Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում (ապրիլի 9-16-ը), ԱԺ խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ։ Վարչապետն ընտրվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ բաց քվեարկությամբ։ Մինչեւ նոր կառավարության ձեւավորումը կառավարության բոլոր անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը։ Այսինքն թե վարչապետը, թե նախարարները մինչեւ նոր կառավարության ձեւավորումը կմնան պաշտոնակատարներ»,-պարզաբանե ԱԺ փոխնախագահը։ Ինչ վերաբերում է վարչապետի ընտրության հարցը քննարկելուն, ապա ԱԺ սահմանադրական օրենքի համաձայն, այն քննարկվում է վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը` տվյալ դեպքում ապրիլի 17-ին։ «Քանի որ այդ օր ԱԺ հերթական նիստեր չեն լինելու, վարչապետի ընտրության հարցը կքննարկվի ապրիլի 17-ին` ժամը 12:00-ին իրավունքի ուժով գումարվող ԱԺ հատուկ նիստում, որի մասին հայտարարությամբ հանդես կգա ԱԺ նախագահը»,-ընդգծեց Արփինե Հովհաննիսյանը։ Նրա խոսքով, Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում. «Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների եւ նախարարների թեկնածուներին: Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում կամ նշանակում է փոխվարչապետներին եւ նախարարներին, կամ դիմում է Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանը դիմումը քննում եւ որոշում է կայացնում հնգօրյա ժամկետում: Եթե Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում չի կատարում սույն հոդվածով սահմանված պահանջները, ապա համապատասխան փոխվարչապետը կամ նախարարը նշանակված է համարվում իրավունքի ուժով»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը։ Նշենք, որ նոր օրենսդրական կարգավորումներով կառավարությունը բաղկացած կլինի վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետին եւ 17 նախարարներից։ Ներկայումս նախարարների թիվը 18 է, կրճատվելու է Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությունը։ Կառավարությունը համարվում է կազմավորված, եթե նշանակվել են Կառավարության անդամների առնվազն երկու երրորդը։ Լիազորությունները ստանձնած կառավարության անդամները երդվելու են ՀՀ նախագահի ներկայությամբ՝ նրա նստավայրում։ news.am