Խաչատուր Քոքոբելյանը միացավ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
« Ընդդիմությունը այդքան ներուժ չունի առանձին-առանձին պայքարելու: Ընդդիմությունը պարտադրված է միասին գործելու ժողովրդի ընդդիմադիր հատվածի հետ, իսկ դա ՀՀ ճնշող մեծամասնությունն է»,- այսօր հայտարարեց «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը: Նա իր կուսակցության ներկայացուցիչների հետ եկել էր Ֆրանսիայի հրապարակ՝ ընդունելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը: Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել մոռանալ նախկինում եղածը եւ միասին պայքարել, որպեսզի Սերժ Սարգսյանը չլինի վարչապետ. «Մենք մեր զորակցությունն ենք հայտնում ողջ ընթացքում տեղի ունեցող գործողություններին: Խաղաղ, ժողովրդավար գործիքներով պայքարելու այն ամենի դեմ, ինչն այսօր Հայաստանում խոչընդոտ է հանդիսանում Հայաստանի հիմնական մարտահրավերները լուծելու համար»,- ասաց Խաչատուր Քոքոբելյանը: Նա կարծում է, որ սա ոչ թե մեկ- երկու օրվա, այլ երկարատեւ պայքար է լինելու: «Նոր չէ, որ մենք պայքարում ենք, հուսախաբության խնդիր չենք տեսնում: Կարծում եմ, որ պետք է զինվենք համբերությամբ եւ պայքարենք»,- ասաց Խաչատուր Քոքոբելյանը: Այսօր առավոտյան Ֆրանսիայի հրապարակում էր նաեւ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը: