ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՁԵՐ ՁԱՅՆԸ ՏՎԵՔ ԵՂԲՈՐՍ
Աջակցիր «Ա1+»-ին«Ինձ համար անհատական շփումները խիստ կարեւոր են»,- Սիսիանի տարածաշրջանի Բռնակոթ գյուղի ազգաբնակչության հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Գյուղացու խնդիրներին վարչապետը քաջատեղյակ է: «Պետությունը պետք է լուծի համայնքների ջրամատակարարման, գազաֆիկացման, ճանապարհների բարեկարգման խնդիրները, որպեսզի չլինեն այսպիսի դժվարանցանելի ճանապարհներ»,- Սերժ Սարգսյանը նկատի ուներ Բռնակոթի քարուքանդ ճանապարհը:
Սերժ Սարգսյանը բռնակոթցիներին տեղեկացրեց, որ Արագածոտնի մարզի գյուղական մի քանի համայնքներում փորձնական ծրագիր է իրականացվում: Պետությունը գյուղացուն 1 հեկտարի դիմաց տրամադրում է 35.000 դրամ անհատույց գումար եւ գյուղացին է որշում թե այդ գումարով ինչ գնի` վառելանյո՞ւթ, թե՞ պարրարտանյութ: Պետության խնդիրն է խրախուսել գյուղացուն, որ նա կրկին կապվի հողի հետ, որպեսզի անմշակ չմնա եւ ոչ մի թիզ հող:
Վերջին 7 տարիների ընթացքում, ըստ Սերժ Սարգսյանի` երկու անգամ ավելացել է երկրի համախառն ներքին արդյունքը, երեք անգամ արտաքին ապրանքաշրջանառությունը, մոտ երեք անգամ ավելացել են կենսաթոշակներն ու աշխատավարձերը: Վարչապետը քաջ գիտակցում է, որ հակառակ այս ամենին մարդկանց մի զգալի մասը դժգոհ է իր կյանքից: Ցանկություն, կամք ու եռանդ ունենք աշխատելու, եւ եթե չորրոդ գումարման ԱԺ-ում մեծամասնություն կազմենք, վստահեցնում է Սերժ Սարգսյանը, ձեռնամուխ ենք լինելու փոփոխությունների, այդ փոփոխությունները սակայն միանգամից չէ, որ տեսանելի կլինեն, այլ` տարիների ընթացքում:
Բռնակոթցիները Սերժ Սարգսյանին խաշ ուտելու հրավիրեցին: «Տարիներ հետո երբ տեսնեք իմ կատարած աշխատանքները, այդ ժամանակ կհրավիրեք խաշի, ես էլ սիրով կգամ»,- ասաց ՀՀԿ ղեկավարը:
Սերժ Սարգսյանի հետ Սիսինում հանդիպման էին եկել հիմնականում համայնքային եւ մարզային ենթակայության հիմնարկ-ձեռնարկություններ աշխատակիցներ եւ գյուղական համայնքերի բնակիչներ` 800-1000 մարդ: «Վերջին 6 տարում Սիսիանում զրնվորականների համար 60 բնակարան է շահագործման հանձնվել»,- իր խոսքում նշեց Սիսիանի քաղաքապետ Լավրենտի Սարգսյանը: Սիսիանի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանն աջակցելու համար Սերժ Սարգսյանը պատվավոր սիսիանցու կոչմանն արժանացավ:
Ելույթ ունեցած մանկավարժներն ու քաղաքացիները երկրի զարգացման եւ առաջընթացի գործում անուրանալի համարեցին ՀՀԿ-ի ավանդը: Հնչած գովեստի խոսքերը Սերժ Սարգսյանը համարեց իբրեւ կանխավճար, ինչը ըստ նրա` պարտավորեցնող է: Սերժ Սարգսյանը սիսիանցիների հետ վերջին հանդիպումից` 2003 թ-ից հետո, այս այցելության ժամանակ նկատեց, որ մարդկանց ապրելակերպը դրական առումով փոխվել է, ինչը նկատելի է անգամ նրանց հագուկապից: Իշխանությունները միայնակ հաջողություններ չեն կարող ունենալ, եթե չլինի ժողովրդի աջակցությունն ու վստահությունը: Սերժ Սարգսյանը ներկաներին հորդորեց մայիսի 12-ի ընտրությանը մասնակցել սեփական կամքով, միայն այդ դեպքում կկատարվի ճիշտ ու արդարացի ընտրություն: Սերժ Սարգսյանը իրենց չհամարեց փորձված թան, սակայն վստահեցրեց, որ միայն ՀՀԿ-ն է ի զորու երկրի զարգացմանն ու շենացմանը միտված աշխատանքներ կատարել:
Սերժ Սարգսյանի եղբարը մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունը դրել է թիվ 37 ընտրատարածքում, որն ընդգրկում է Սիսիանի եւ Գորիսի տարածարջանները: ՀՀԿ առաջնորդը ներկաներին խնդրեց, որ մեծամասնական ընտրակարգով իրենց քվեն տան Ալեքսանդր Սարգսյանին: «Եղբորս թեկնածությունը առաջդրելը իր որոշումն է, դրա համար լուրջ հիմքեր կան»,- ասաց Սերժ Սարգսյանը:
«Ես ինձ հետ տանում եմ ձեր ժպիտները, հավատն ու հույսը առ այն, որ ցանկացած խնդիր հնարավոր կլինի միայն համախմբման արդյունքում եւ, եթե ներկաներից գոնե 20-ը ամեն օր կրկնեն ՀՀԿի կարգախոսը, այն է` Քեզ համար Հայաստան, ապա ամեն ինչ բարեհաջող ավարտ կունենա»,- նշեց ՀՀԿ առաջնորդը:
Սյունի Հը, Սիսիան