Վարչապետ ընտրվելու դեպքում Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագիր է ներկայացնելու (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ հանդիպումից հետո պատասխանելով լրագրողների հարցերին հերքել է այն տեղեկությունները,որ փողոցային պայքարն ավարտելու պայմանավորվածություն է ձեռք բերվել. «Փողոցային ակցիաները շարունակելու ենք, իհարկե, այդ ակցիաները կլինեն իրավիճակին ադեկվատ, եթե ձեռք է բերվում քաղաքական պայմանավորվածություն, ապա փողոց փակելու նպատակն իրագործված է»: Պատգամավորն իր թիմակիցների հետ փորձելու է վաղը հանդիպում կազմակերպել Հանրապետական խմբակցության ողջ կազմի հետ. «Եթե քաղաքական ուժերը հավատարիմ մնան իրենց հրապարակային արված հայտարարություններին, ապա մայիսի մեկին վարչապետ կունենաք»: Վարչապետ ընտրվելու դեպքում Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագիր է ներկայացնելու. «Խնդիրը արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամկետներն են, մենք ունենք մեր պատկերացումները, բայց քաղաքական դաշտում անհանգստություններ կան, որ եթե ուզում ենք հավասար պայմաններ ապահովել, պետք է այնպես անենք, որ քաղաքական դաշտը պատրաստվի այդ իրադարձությանը, մենք մտածում ենք, որ երկու ամսվա ընթացքում պետք է տեղի ունենան ընտրությունները, բայց այս թեման քննարկելի ենք համարում»: Ընտրական օրենսգրքում սպասվող փոփոխությունները ներառելու են նաև ռեյտինգային համակարգի վերացումը. «Հայաստանում ավարտվել է այդ դարաշրջանը, երբ կառավարությունն իր սուբյեկտիվ ընկալումները պարտադրում են ուրիշներին, ընտրական օրենսգիրքը մի փաստաթուղթ է, որ պետք է հավանության արժանանա բոլորի կողմից»: